ՀՀ–ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի կողմից՝ ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ։
Համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ է, որը կնպաստի ՀՀ մաքսային և հարկային վարչարարության արդիականացմանը, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը։
Ստորագրման արարողության ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով համաձայնագրերի նշանակությունը, նշել է, որ դրանց ստորագրումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության գործնական արդյունքն է և այս տարի կայացած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը։
«Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա և արդյունավետորեն ծառայում է մեր քաղաքացիներին ու տնտեսվարողներին»,– ընդգծել է ՊԵԿ նախագահը։
Ակնկալվում է, որ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մաքսային և հարկային վարչարարության ընթացակարգերի արդյունավետության, թափանցիկության և կանխատեսելիության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը։
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինությանը (DG TAXUD), ինչպես նաև Բրյուսելում և Երևանում գործընկերներին՝ համաձայնագրերի ստորագրման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել նախատեսված աշխատանքները։
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն պատասխանատու անձանց նշանակելու մասին, որոնք հանձն են առնելու համաձայնագրերի կենսագործումը։