Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Բենժամեն Հադադը հաստատել է, որ Եվրամիությունը հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնց շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, սահմանափակումներ կսահմանվեն 50 բանկերի նկատմամբ, գրում է Европейская правда-ն։
Նախարարը նշել է, որ ԵՄ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, անշուշտ, աջակցել Ուկրաինային։
«Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք, որոնք կտարածվեն ևս 150 տնտեսվարող սուբյեկտների և 50 բանկերի վրա։ Ընդ որում՝ այդ սուբյեկտների մեծ մասին պատժամիջոցների ցանկում ներառելու առաջարկը ներկայացրել է հենց Ֆրանսիան»,- LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հադադը։
Նա նաև դատապարտել է չորեքշաբթի Ռուսաստանի ընդունած որոշումը՝ երկիր մուտք գործելու արգելք սահմանել Le Monde թերթի թղթակից Արիան Շեմենի, անկախ լրագրող և Մոսկվայում նախկին թղթակից Պոլ Գոգեի, ինչպես նաև Ֆրանսիայից երկու պատգամավորների նկատմամբ։
«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի ենթարկվի ահաբեկման։ Կարծում եմ՝ այդ պատգամավորներն ու լրագրողները պարզապես կատարում են իրենց աշխատանքը։ Մասնավորապես, այդ պատգամավորները շատ ակտիվորեն ներգրավված են օտարերկրյա միջամտության դեմ պայքարում»,- ասել է նա։
Նախօրեին լրատվամիջոցին հայտնի էր դարձել, որ Եվրամիության երկրների դեսպանները Մշտական ներկայացուցիչների կոմիտեի (Coreper) նիստում նախնական համաձայնություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկերում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառմանը։
Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ պատժամիջոցների ցանկերում կընդգրկվեն 12 ֆիզիկական և 101 իրավաբանական անձինք։ Այդ հարյուրից 50-ը ռուսական բանկեր են։ Բացի այդ՝ 30 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ կներառվեն Ռուսաստանի հիբրիդային գործունեության դեմ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում։ Եվս մեկ իրավաբանական անձ կներառվի կիբեռհարձակումների դեմ ԵՄ պատժամիջոցների ցանկում։
Հոկտեմբերի 12-ին ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ամենածավալուն ընդլայնումը․ նոր ցանկում ընդգրկվել էր շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի