ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը

Քաղաքականություն

12.11.2026 | 17:41

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար։ Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Դրանով պայմանավորված՝ առաջիկայում պետք է մեկնարկեն TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Հայաստանի իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ սահմանելու հնարավորություն։

Արփի Հակոբյան

Leave a comment