Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի նախագահի օգնականներ Յուրի Ուշակովն ու Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով Պուտինի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ամերիկացի բանակցողները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ տեղի է ունեցել ուկրաինական կարգավորման հարցով եռակողմ հանդիպում։
Հանդիպման սկզբում Պուտինը խնդրել է նրանց իր երախտագիտությունը փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման, իսկ նրա կնոջը՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական գործողության համար։
Պուտինը Ուիթկոֆին և Քուշներին ասել է, որ իր համար կարևոր է լսել նրանց գնահատականը Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ։ Ուիթկոֆն էլ նշել է, որ Պուտինի հետ շփումների մասին տեղեկությունները կփոխանցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Քուշները, իր հերթին, հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն ու եվրոպական առաջնորդներն իրենց ցանկությունն են հայտնում՝ մասնակցելու բանակցություններին և ավարտելու Ուկրաինայում հակամարտությունը։
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Օլեշկիի փորձի հիման վրա մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռազմաճակատին հարող Կոնստանտինովկան քաղաք է Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանում։ Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը վերահսկում է Կոնստանտինովկան և պատրաստ է ապահովել մարդասիրական առաքելության անվտանգությունը։ Նա առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններին հանձնարարել՝ աշխատանքներ տանել առաքելության կազմակերպման ուղղությամբ։
«Ռուսաստանին հինգ օր է անհրաժեշտ՝ Կոնստանտինովկայի մերձակայքում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, բայց եթե Ուկրաինան կարծում է, որ վերահսկում է քաղաքը, ապա թող իր կողմից ապահովի անվտանգությունը»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ սահմանազատման միայն մեկ գիծ կա՝ պետական սահմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի