203 համարի ավտոբուսների վերջնակետը «Կիլիկիա» ավտոկայանից կտեղափոխվի Մատենադարանի հարակից տարածք. քաղաքապետարանն արձագանքել է աղմուկին

Պարզաբանումը հաջորդել է երթուղու վերջնակետի շուրջ բարձրացված աղմուկին


ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող 203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է «Կիլիկիա» ավտոկայանից տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք։ Պարզաբանումը հաջորդել է երթուղու վերջնակետի շուրջ բարձրացված աղմուկին։


«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես իջեցնելու և նստեցնելու նպատակով։


Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության», – գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը Facebook-ի իր էջում։


Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը «Կիլիկիա» ավտոկայանից տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ 203 համարի ավտոբուսներն այլևս չեն հասնելու Մատենադարանի հարակից տարածք։


Նրա խոսքով՝ այդ փոփոխության հետևանքով Էջմիածնից Երևան եկող ուսանողները ստիպված կլինեն օգտվել լրացուցիչ տրանսպորտից, ինչի արդյունքում նրանց օրական ճանապարհածախսը 600 դրամից կհասնի 900 դրամի։


Leave a comment