Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի օր շարունակ Ուկրաինայի տարածքում Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքի զգալի խափանումներ են նկատում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ամբողջ առաջնագծի երկայնքով և Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքում Starshield-ի արագության սահմանափակում է գործում՝ ժամում 161 կիլոմետրի չափով։ Ուկրաինացի զինվորականները հանգել են եզրակացության, որ դրանք պատահական խափանումներ չեն, այլ «արագության համակարգային սահմանափակում»։

Starshield համակարգի խափանումների պատճառով Ուկրաինայի համար զգալիորեն դժվարացել է ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը որսալը, հայտարարել է Զելենսկին։

«Ցավոք, արդեն իսկ կան խոցումներ, քանի որ որսալու միջոցները չեն զարգացնում բավարար արագություն և չեն հասցնում որսալ թիրախները։ Դա օգնում է ռուսներին ավելի շատ ուկրաինացիների սպանել և ավելի մեծ թվով ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին»,- հավելել է նա։

Ուկրաինան կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ՝ պարզելու խափանումների պատճառը։

Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերին արդեն բախվել էին Starshield արբանյակային կապի տերմինալների աշխատանքի սահմանափակումների։ Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ուկրաինացի զինվորականների համար կապը սահմանափակվել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի նախաձեռնությամբ։

Ինքը՝ Մասկը, Ուկրաինային մեղադրել էր Starlink-ն ԱԹՍ-ներով «հարձակողական» հարվածներ հասցնելու համար օգտագործելու մեջ։ Ուկրաինայի զինված ուժերում պատասխանել էին, որ դա «տեխնիկապես անհնար է», քանի որ Starlink-ը չի գործում Ռուսաստանի տարածքում։ Մասկը նաև հասկացրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար արբանյակային կապը սահմանափակվել է այն մտավախությունների պատճառով, որ Ռուսաստանը կարող է խոցել SpaceX-ի արբանյակները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը հրահանգ չի տվել սահմանափակել Starshield-ի աշխատանքն Ուկրաինայում և չգիտի, թե ով կարող էր դա անել։ Պենտագոնը հրաժարվել էր հետաքննություն անցկացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment