Հայաստանում կփոխվի հասցեների գրանցման կարգը․ ինչ պետք է իմանան քաղաքացիները

Նոր կարգի համաձայն՝ հասցեների տվյալները կհամակարգվեն միասնական էլեկտրոնային բազայում


ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է պարզեցնել անշարժ գույքի հասցեների գրանցման և դրանցում հայտնաբերված սխալների ուղղման գործընթացը։


Նոր կարգի համաձայն՝ հասցեների տվյալները կհամակարգվեն միասնական էլեկտրոնային բազայում, իսկ որոշ սխալների ուղղման համար քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի առանձին դիմումներ ներկայացնել համայնք։


Համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվել է հինգշաբթի կայացած կառավարության նիստում։


Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արդեն գործում է հասցեների ազգային ստանդարտը, որի հիման վրա Կադաստրի կոմիտեում տարիների ընթացքում կուտակված հասցեավորման որոշումները միավորվել են մեկ համակարգում։


«2025 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել է գործել հասցեներին վերաբերող ազգային ստանդարտը. այն ընդունվել և գործում է, որի հիման վրա Կադաստրի կոմիտեում տարիների ընթացքում կուտակված հասցեավորման որոշումները ինտեգրվել են մեկ միասնական համակարգի ներքո և համապատասխանեցվել են արդեն իսկ գործող ազգային ստանդարտին», – ասել է Թովմասյանը կառավարության նիստում։


Նրա խոսքով՝ այս ընթացքում ստանդարտացվել և էլեկտրոնային համակարգ են մուտքագրվել շուրջ 1,5 մլն հասցեներ։ Միաժամանակ նախկինում տրամադրված հասցեներում բազմաթիվ սխալներ և թերություններ են հայտնաբերվել, որոնք անհրաժեշտ է ուղղել։


«Մենք կառուցակարգ ենք դնում և այդ աշխատանքների իրականացումը վերապահում ենք Կադաստրի կոմիտեին՝ մասսայական սխալների ուղղման աշխատանքների իրականացման շրջանակում», – նշել է նա։


Ի՞նչ կփոխվի քաղաքացիների համար


Նախագծով նախատեսվում է, որ համայնքները սահմանված ժամկետում կքննարկեն Կադաստրի կոմիտեի ներկայացրած տվյալները և անհրաժեշտության դեպքում կկատարեն ուղղումներ։


Եթե համայնքը սահմանված ժամկետում չարձագանքի, Կադաստրի կոմիտեի առաջարկած ուղղումները հիմք կընդունվեն և կարտացոլվեն էլեկտրոնային բազայում։


Այս մեխանիզմի նպատակն է պարզեցնել հասցեների սխալների ուղղման գործընթացը և նվազեցնել այն դեպքերը, երբ քաղաքացիները ստիպված են առանձին դիմումներ ներկայացնել համայնք։


Փոփոխություններով նախատեսվում է նաև վերացնել հասցեի գրանցման առանձին վարչական ընթացակարգը։ Եթե հասցեն արդեն ներառված է միասնական ռեգիստրում, այն կհամարվի պաշտոնական և կօգտագործվի անշարժ գույքի գրանցման ու համապատասխան տեղեկությունների տրամադրման գործընթացներում։


Ակնկալվում է, որ նոր կարգը կհստակեցնի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները և կնպաստի սահմանված ժամկետների պահպանմանը։


Ինչպե՞ս կաշխատի միասնական համակարգը


Թովմասյանի խոսքով՝ բարեփոխման հիմնական նպատակը հասցեների կենտրոնական շտեմարանի ձևավորումն է, որից հետագայում կօգտվեն պետական մարմիններն ու ծառայություններ մատուցող կազմակերպությունները։


Նախատեսվում է նաև օրենսդրորեն կարգավորել այդ կազմակերպությունների փոխգործակցությունը միասնական շտեմարանի հետ։


Համակարգի հետագա զարգացման արդյունքում հասցեների փոփոխությունները պետք է արտացոլվեն իրական ժամանակում։ Օրինակ՝ համայնքի կողմից փողոցի անվանափոխության դեպքում համապատասխան փոփոխությունը կմուտքագրվի կենտրոնական շտեմարան և կարտացոլվի նաև Հայաստանի ազգային գեոպորտալում։


Կադաստրի կոմիտեի նախագահի խոսքով՝ նախատեսվող համակարգը կդառնա հասցեների վերաբերյալ տվյալների համընդհանուր աղբյուր, որի իրավական կիրառությունը կամրագրվի հետագա օրենսդրական կարգավորումներով։

Leave a comment