Հավանության է արժանացել 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2026 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի տեսակի խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Առաջարկվում է 2026 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝
– Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա քանակությամբ՝ նվազագույնը 210 դրամով մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում,
– առնվազն 800 տոննա քանակի մեջ չի հաշվառվում տնտեսվարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ նրա հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողը, և դրա համար սուբսիդավորում չի տրամադրվում։
Աջակցության տրամադրման առնվազն 800 տոննայի շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի մթերող տնտեսվարողները՝ գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծելու նպատակով։
Որոշման ընդունմամբ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերելու Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված Արենի տեսակի խաղողը, որով կլուծվի Արենի տեսակի խաղողի մթերման հետ կապված խնդիրը։