Մահերը կարծես սովորույթային նորմ են դառնում. Լարիսա Ալավերդյանի ահազանգը

«Սիրտս տխուր է մահու չափ, մահերը՝ լինեն բանակում, թե քրեակատարողական հիմնարկում, կարծես սովորույթային նորմ են դառնում: Եվ ամենածանրն այն է, որ հայ հասարակության կողմից արձագանքը բոլորովին չի համապատասխանում այս ողբերգական դեպքերի լրջությանը»,- Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով հրատապ ասուլիսին ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ինչպիսի՞ փաստաթղթեր կան այս առումով, արդյո՞ք ամբողջը տրված է կառավարության կամ պետությունների հայեցողությանը։ Դեռ 1955 թվականին ՄԱԿ-ը ընդունել է ստանդարտներ՝ դատապարտյալների հանդեպ վերաբերմունքի։ Ի դեպ, Սովետական Միությունը, որի կազմում էինք, դրան միացել և դա ընդունել էր։ Հետո՝ 1990 թվականին, տեղի ունեցան շատ կարևոր փոփոխություններ, բայց 2015 թվականից հետո գործող նորմերը կոչվում են հենց ՄԱԿ-ի առաջարկությամբ՝ Մանդելայի կանոններ։ Նպատակը հետևյալն է՝ ով էլ լինի, որտեղ էլ լինի և ինչ կարգավիճակում՝ կալանավորված, թե դատապարտյալ, թե 72 ժամով ուղղակի ձերբակալված, մեկ է՝ այդ կանոններն ասում են, որ մարդուն պետք է վերաբերվել այնպես, ինչպես պահանջում են մարդու իրավունքները։

Հոդվածներ կան, որոնք վերաբերում են բժշկական միջամտություններին, առողջությանը, պահման պայմաններին, որոնք խստիվ պահանջում են՝ որևէ պետություն չի կարող իր հայեցողությամբ, օրինակ՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածի կամ կալանավորվածի, կամ ուղղակի սպանության համար քրեական գործով նստած որևէ մեկի իրավունքը, արժանապատվությունը ոտնահարել, չունի նման իրավունք։

Ինչ վերաբերում է Արսեն Գևորգյանի այս դեպքին, պատասխանատվությունը նախևառաջ կրում են այն հիմնարկի ղեկավարները և հերթապահ պատասխանատուները, որոնց հերթապահության ժամանակ տեղի է ունեցել մահը։ Բողոքի պահից մինչև շտապօգնության գալը գրեթե մի ժամ է անցել։ Ինֆարկտի ժամանակ դա շատ մեծ ժամանակահատված է»,- ընդգծեց տիկին Ալավերդյանը։

Նա միջազգային պրակտիկայից օրինակներ բերեց, ապա հավելեց. «Այս իշխանությունների ջատագովները բացարձակապես անգրագետ են, տեղյակ չեն միջազգային իրավունքի նորմերից… Ես խստորեն դատապարտում եմ և պահանջում եմ, որ բոլոր նրանք, ովքեր պետք է պատասխանատվության հրավիրվեն, կանչվեն… Պետք է հետամուտ լինենք այս հարցին»։

Քննարկումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment