Կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հավանության է արժանացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Արդյունքում կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, կնվազեցվի ավելորդ վարչարարությունը և կապահովվի հասցեների վերաբերյալ միասնական, ամբողջական, հավաստի և գործող ստանդարտներին համապատասխան պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազայի ձևավորումը։

Օրենքի կարգավորումները հնարավորություն կտան հասցեավորման հետ կապված խնդիրները լուծել ոչ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, այլև անշարժ գույքի պետական ռեգիստրի և հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների նախաձեռնողական համագործակցության միջոցով։ Արդյունքում արդեն իսկ գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները հնարավոր կլինի վերացնել առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելու։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների հստակեցմանը, ժամկետների պահպանման ապահովմանը։

Ընդհանուր առմամբ, կձևավորվի հասցեների կառավարման ավելի արդյունավետ, կանխատեսելի և թվայնացված համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների պարզեցմանը, տվյալների որակի բարձրացմանը և քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար առավել հստակ վարչարարական միջավայրի ձևավորմանը։

«Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ունենանք կենտրոնական շտեմարան և հետո օրենսդրորեն կարգավորենք այն բոլոր ծառայություն մատուցողների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք պետք է օգտվեն արդեն կենտրոնական շտեմարանից, և այս տվյալները պետք է փոփոխվեն «լայվ» ռեժիմով կոնկրետ այն պահին, երբ, օրինակ, հենց փողոցի անվանափոխման խնդիր է առաջանում համայնքի մոտ, և տեղի է ունենում փողոցի անվանափոխում շտեմարաններում»,– նշել է Սուրեն Թովմասյանը։

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պլանավորվել է տարածական տվյալների և ենթակառուցվածքի լույսի ներքո ներդնել համակարգ, որտեղ «լայվ» ռեժիմով կերևան կոնկրետ փոփոխությունները, և երբ հասցեների փոփոխությունները կմուտքագրվեն հասցեների շտեմարան, անմիջապես այդ փոփոխությունները կարտապատկերվեն Հայաստանի Հանրապետության ազգային գեոպորտալում, և դա դառնալու է համընդհանուր գործիք, որից օգտվելու են, և այն ստանալու է իրավական ուժ արդեն օրենսդրական հետագա կարգավորումների ժամանակ։

Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մասսայական և թիրախային ծանուցման ռեժիմները պիտի զուգահեռ տանենք առաջ, որպեսզի քաղաքացիներին անհարմար չլինի։ Նաև պետք է հասկանանք, թե ինչ ստանդարտով ենք մենք ծանուցում ծառայություն մատուցողներին, որոնք օգտագործում են հասցեների մասսայական շտեմարանները»։

Leave a comment