Եկամուտների հիմնական մասը մեր քաղաքացիները սկսել են ծախսել սննդամթերք ձեռք բերելու համար։ Գնաճն ահագնանում է՝ առաջ բերելով մարդկանց բողոքն ու հարցերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ տնտեսագիտության տեսանկյունից գնաճը նորմալ երևույթ է։ «Եթե երկրում գնաճ չկա, դա բացասական երևույթի մասին է վկայում, այսինքն՝ դա ապախթանում է արտադրությունը, բիզնեսը, ակտիվությունը և այլն։ Պետք է լինի գնաճ, բայց այդ գնաճը պետք է լինի կառավարելի, պետության կողմից կարգավորելի։ Հայաստանում գնաճը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Այն նախանշել է գնաճ 3 տոկոսի սահմանում՝ գումարած-հանած 1 տոկոս, այսինքն՝ երկուսից չորս տոկոսի սահմանում։ Սա է մեր նախանշած գնաճը։ Սրանից բարձր և ցածր գնաճի պարագայում ունենք խնդիր, և Կենտրոնական բանկը փորձում է այդ խնդիրը իր տարբեր գործիքների միջոցով լուծել։ Բարձր գնաճի դեպքում, բնականաբար, խնդիր է առաջանում նաև փողի գնողունակության, վարկերի, ավանդի տոկոսադրույքի մասով և այլն, այսինքն՝ բանկային ոլորտն ունենում է բավականին լուրջ կորուստներ, գնողունակության նվազում, երբ նախատեսածից բարձր գնաճ է տեղի ունենում։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ գնաճի վրա ազդում են ոչ միայն Կենտրոնական բանկի գործիքները, այլ նաև այլ գործոններ, օրինակ՝ տրանսպորտային ծախսերը, վառելիքի ծախսերը, պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունը, մրցակցությունը և այլն։ Այս պահին պետք է արձանագրենք, որ Հայաստանի գնաճը տասն ամիսների կտրվածքով կազմում է 4,5 տոկոս, որը նախանշած չորս տոկոսից բարձր է, և պատահական չէ, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ վերանայեց՝ հասցնելով յոթ տոկոսի։ Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճը և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով», – «Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը։ Ընդգծում է՝ դրա ազդեցությունը գնաճի վրա շատ սահմանափակ է։
«Այն ցուցանիշը, որին ձգտում է Կենտրոնական բանկը, չունենք։ Նշենք նաև, որ այս պահին գնաճը համաշխարհային երևույթ է՝ պայմանավորված վառելիքի գների, տրանսպորտային ծախսերի կտրուկ աճով։ Օրինակ՝ գնաճը ԵԱՏՄ մյուս երկրներում ավելի բարձր է, քան Հայաստանում։ Սեպտեմբերի դրությամբ Ռուսաստանում գնաճը 6,3 տոկոս էր, Բելառուսում՝ 4,6, Ղազախստանում՝ 9,3, Ղրղըզստանում՝ 12,2, իսկ Հայաստանում սեպտեմբերին եղել է 4,3 տոկոս գնաճ։ Բավականին բարձր գնաճ կա նաև եվրոպական երկրներում, Թուրքիայում ևս բավականին մեծ գնաճ կա՝ մոտ 29 տոկոս։ Ընդհանուր տնտեսական գործընթացները բավականին գնաճային են, և Հայաստանը սրանից չէր կարող անմասն մնալ։ Հայաստանի գնաճը տասն ամսվա հաշվարկով 4,5 տոկոսից ավելի բարձր կլիներ, եթե չունենայինք դոլարի փոխարժեքի նվազում։ Եթե դոլարի արժեքը մնար, օրինակ՝ 390 կամ 400 դրամ, ապա միանշանակ գնաճի մակարդակն ավելի բարձր կլիներ, քան այս պահին ունենք։ Այսինքն՝ մի կողմից ունենք գնաճ առաջացնող, մյուս կողմից՝ գնաճ նվազեցնող գործոններ։ Գնաճ առաջացնող գործոններից մեկն այն է, որ Հայաստանի կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ, ըստ էության, այս տարի նպաստեց գնաճի առաջացմանը։ Մասնավորապես՝ ապրիլին թոշակների բարձրացումը, հետագայում բավականին մեծ պետական ծախսերի կատարումը գնաճ առաջացրեցին, քանի որ ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ ծառայության ոլորտները պատրաստ չէին այդքան մեծ գումարներ «մարսելուն»։ Դրան գումարվեց նաև ամռան ամիսներին Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալի արտահոսքը մեր երկիր։ Սա ևս մեծ պահանջարկ է առաջացրել շուկայում։ Ունենք ներսի և դրսի գործոններ, որոնք նպաստել են գնաճի առաջացմանը։ Անշուշտ, մարդկանց մեծ մասը չի ընդունում, չի ընկալում, որ գնաճը 4,5 տոկոս է։ Պաշտոնապես գնաճը հաշվարկվում է 425 ապրանքի միջին հաշվարկով, այն դեպքում, երբ մարդիկ հիմնականում սպառում են, ենթադրենք, 70-80 ապրանք ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Իրենք նայում են այդ ապրանքների գների փոփոխությունը, որոնց մեջ հիմնական մասը կազմում է սննդամթերքը։ Սննդամթերքի պարագայում ունենք ավելի բարձր գնաճ։ Սննդամթերքի դեպքում մեր գնաճը կազմում է 5,6 տոկոս ամսվա կտրվածքով, իսկ 10 ամսվա կտրվածքով 7 տոկոս է։ Բազմաթիվ օրինակներ կան, որոնց դեպքում մարդկանց ընկալումը գնաճի նկատմամբ շատ տարբեր է լինում։ Բավականին բարձր գնաճ կա վառելիքի ոլորտում։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բենզինի գինն ավելացել է 17, դիզելային վառելիքինը՝ 37 տոկոսով։ Սրանք իրենց հերթին որոշակի գնաճ են առաջացնում ամբողջ տնտեսության մեջ։ Երբ վառելիքը, դիզելը թանկանում է, թանկանում է շինարարությունը, տրանսպորտը, գյուղոլորտը, և ընդհանուր շղթայական թանկացումներ են տեղի ունենում։ Ուստի, այս գնաճն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ։ Ներքին գործոնի հիմնական խնդիրը, անշուշտ, հարկաբյուջետային քաղաքականությունն է, Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը և նաև մրցակցային դաշտը Հայաստանում։ Հայաստանում, ցավոք, գները արագ բարձրանում, բայց շատ դանդաղ են իջնում՝ պայմանավորված նաև մրցակցության սահմանափակությամբ և մրցակցային կազմակերպությունների թվի պակասով»,-նկատում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: