Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամ երկրները Հայաստանի ամենահուսալի դաշնակիցներն են, սակայն Երևանը ռիսկի է դիմում կորցնելու նրանց։ Նման կարծիք է РИА Новости-ի հետ զրույցում հայտնել ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
Չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները որոշում են կայացրել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է ձայնի իրավունքից զրկում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ անդամավճարների պարտքի մարման հարցը լուծելուց հետո։ Միևնույն ժամանակ, վերջնական որոշումը Հայաստանի իշխանությունների իրավասության ներքո է։
Ջաբարովի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ձգձգում են արտաքին քաղաքական հետագա ուղեգծի հստակեցումը, քանի որ մինչև տարեվերջ պետք է որոշում կայացնեն Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրակի հետ է խաղում, քանի որ այդպիսով կարող է կորցնել իր ամենահավատարիմ և վստահելի, բնական դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների»,- հայտարարել է սենատորը։
Մեկնաբանելով Երևանի նկատմամբ կազմակերպության որոշումը՝ Ջաբարովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները գործել են կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։
«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, անդամավճարներ չի վճարում։ Անընդհատ հայտարարում են, որ, իրենց կարծիքով, արդեն իսկ դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև այդ մասին պաշտոնական դիմում չի ներկայացվել»,- եզրափակել է ռուսաստանցի խորհրդարանականը։
Թարգմանությունը՝ Armlur.am-ի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: