Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է դիտարկել ոչ միայն առողջապահական համակարգի, այլև հասարակության դիմակայունության և երկրի տնտեսության զարգացման համատեքստում»,- այս մասին «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է զգալի բյուջետային և տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ինչպես հիվանդությունների կանխարգելմանը, այնպես էլ բուժման և խնամքի ծառայությունների բարելավմանը։

«Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, բայց սա ոչ միայն իրավունք է, որը կարելի է պահանջել, այլև արժանապատիվ կյանքի անբաժանելի մասն է։ Միևնույն ժամանակ առողջությունն անմիջականորեն կապված է տնտեսության հետ․ այն դիմակայուն տնտեսության հիմնարար բաղադրիչներից է, ուստի ներդրումներն այս ոլորտում խիստ անհրաժեշտ են»,- ընդգծեց Մարագոսը։

ԵՄ դեսպանը հատուկ շեշտադրեց ներառականության սկզբունքը՝ նշելով, որ Հայաստանի նման երկրներում կարևոր է, որպեսզի հասարակության ոչ մի անդամ դուրս չմնա աջակցության և առողջապահական համակարգի ուշադրության շրջանակից։

Անդրադառնալով ծրագրի ընթացքին՝ նա նկատեց, որ չնայած գրանցված առաջընթացին՝ սա միայն ճանապարհի սկիզբն է, և ոլորտում դեռևս մեծածավալ աշխատանք կա անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment