Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում պետության կողմից ապահովագրավճարների սուբսիդավորման գործընթացն ապահովելու նպատակով Կառավարությունը նախատեսում է 29 մլրդ 302 մլն դրամ վերաբաշխել և հատկացնել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։

Գումարը նախատեսվում է հատկացնել երկու աղբյուրից․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից՝ 19 մլրդ 80 մլն դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի սպասարկման միջոցառումից՝ 10 մլրդ 222 մլն դրամ։

Հիմնավորման համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման համար 2026 թվականի պետական բյուջեով ի սկզբանե հատկացվել էր 1 մլրդ դրամ։ Հետագայում կատարված վերաբաշխումների արդյունքում այդ գումարն ավելացվել էր ևս 9 մլրդ 98 մլն դրամով։ Նշված միջոցները բավարարել են ապահովագրավճարների սուբսիդավորումը մինչև օգոստոս ամիսն ապահովելու համար։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների ապահովագրավճարների՝ պետության կողմից սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 11 մլրդ 692 մլն 600 հազար դրամ։ Այս ուղղությամբ առկա պարտքը ներկայումս 1 մլրդ 594 մլն 580 հազար դրամ է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը, ըստ կանխատեսումների, կհասնի 5 մլրդ 156 մլն 580 հազար դրամի։

Մեկ այլ՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ» ծրագրով սուբսիդավորման պարտքը հոկտեմբերի դրությամբ կազմել է 9 մլրդ 347 մլն 640 հազար դրամ։ Մինչև դեկտեմբերի 1-ը այն կանխատեսվում է 24 մլրդ 145 մլն 700 հազար դրամի չափով։

Ընդհանուր առմամբ, երկու միջոցառումների գծով սուբսիդավորման ֆինանսական պակասուրդը կազմում է 29 մլրդ 302 մլն 242 հազար դրամ։ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել հիմնադրամի ստանձնած պարտավորությունների կատարումը և մինչև նոյեմբերի 30-ը ձևավորված պարտավորությունների դիմաց փոխհատուցումները։

Նախագծով նախատեսվում է նաև առողջության համընդհանուր ապահովագրության շահառու հանդիսացող և սուբսիդիա ստացող վարձու աշխատողների տարեկան ցուցանիշն ավելացնել 145 հազար 957-ով։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment