Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ վերացնելով գործուղման մեկնած պատգամավորների՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի և լիագումար նիստերի բաց քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունը։

Գործող կարգավորմամբ՝ գործուղման մեկնող պատգամավորները մինչև մեկնելը կարող են փակ ծրարով ներկայացնել իրենց դիրքորոշումը օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումը հաշվի է առնվում համապատասխան քվեարկությունների ժամանակ։ Այս հնարավորությունը չի տարածվում գաղտնի և անվանական քվեարկությունների վրա։

Էդգար Ղազարյանի առաջարկով՝ գործուղման մեջ գտնվող պատգամավորների համար ևս պարտադիր պետք է լինի քվեարկությանը անմիջական մասնակցությունը։

Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ նախապես ներկայացված դիրքորոշումը կարող է չարտահայտել պատգամավորի վերջնական կարծիքը, քանի որ նիստերի ընթացքում քննարկումները, հարցուպատասխանը և գործընկերների տեսակետները կարող են փոխել նրա դիրքորոշումը։ Ըստ Ղազարյանի՝ նախնական կարծիքը որպես քվեարկություն արձանագրելը կարող է նսեմացնել խորհրդարանական քննարկումների նշանակությունը։

Նա նաև ընդգծում է, որ պատգամավորները նիստերին կարող են բացակայել ոչ միայն գործուղման, այլև հիվանդության, ընտանեկան հանգամանքների և այլ պատճառներով, մինչդեռ վերջիններիս դեպքում նույն ընթացակարգով նախապես քվեարկելու հնարավորություն նախատեսված չէ։ Ըստ պատգամավորի՝ սա տարբերակված պայմաններ է ստեղծում։

Կառավարությունը, սակայն, դեմ է առաջարկվող կարգավորմանը և դրա վերաբերյալ ներկայացրել է մի շարք առարկություններ։

Կառավարության կարծիքով՝ պաշտոնական գործուղման մեջ գտնվելը չպետք է պատգամավորին զրկի իր ներկայացուցչական մանդատից բխող լիազորությունների իրականացման հնարավորությունից։ Գործուղման մեկնած պատգամավորները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, այդ թվում՝ մասնակցում են միջազգային խորհրդարանական միջոցառումներին և ներկայացնում Ազգային ժողովը։

Կառավարությունը նաև նշում է, որ առաջարկվող փոփոխությունը կարող է ազդել խորհրդարանական ուժերի ձայների հարաբերակցության վրա և սահմանափակել խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը որոշումների կայացմանը, քանի որ գործուղման մեկնած պատգամավորների թվում կարող են լինել նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ։

Միաժամանակ Կառավարությունը խնդրահարույց է համարում այն փաստարկը, թե պատգամավորը կարող է փոխել նախապես ներկայացրած դիրքորոշումը։ Որպես հնարավոր լուծում՝ առաջարկում է դիտարկել առցանց գործիքների ներդրումը, որոնց միջոցով պատգամավորը խիստ նույնականացում անցնելուց հետո կկարողանա հետ կանչել իր նախապես ներկայացրած դիրքորոշումը։

Կառավարությունն առաջարկում է իր դիտարկումները հաշվի առնել նախագծի հետագա քննարկման ընթացքում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment