Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը

Քաղաքականություն

11.11.2026 | 22:20

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքի ինը անդամներ միացել են Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի նախաձեռնած հաղթական կամարի կառուցման դեմ ներկայացված դատական հայցին, գրում է The New York Times-ը, փոխանցում է Meduza-ն։

Նախագծի համաձայն՝ 76 մետր բարձրությամբ կամարը զարդարվելու է հրեշտակների ոսկեզօծ քանդակներով, որոնցից մեկը ձեռքին պահելու է հավերժական կրակով ջահ։ Թրամփը նախատեսում է կամարը կառուցել Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի գերեզմանատան միջև։ Այնտեղ հուղարկավորված են ամերիկացի զինծառայողներ, ինչպես նաև Ջոն Քենեդին, նրա եղբայրներ Ռոբերտն ու Էդվարդը, Քենեդիների ընտանիքի այլ անդամներ։

Ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ կամարը կխախտի «տեսադաշտի այն գիծը, որը նախատեսվել էր որպես Քաղաքացիական պատերազմից հետո երկրի միասնության խորհրդանիշ և պահպանվել է գրեթե մեկ դար», ինչպես նաև ստվեր կգցի նախկին նախագահի հարազատների և «հանուն երկրի իրենց կյանքը զոհաբերած զինվորականների» շիրիմների վրա։

Նախագիծն արդեն հավանության է արժանացել ԱՄՆ մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի կողմից, որը հավատարիմ է Թրամփին։ Կամարի կառուցմանը դեմ են արտահայտվել վետերանները, պատմաբաններն ու տեղական իշխանությունները։

Նոյեմբերի 6-ին դաշնային դատավոր Տանյա Չաթքանն արգելափակել  էր շինարարության մեկնարկը։ Շինարարությունը դադարեցվել է 14 օրով, որի ընթացքում դատարանները պետք է քննեն նախագծի դեմ ներկայացված հայցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment