Մարտին Լյութեր Քինգի` «Ես երազանք ունեմ» ելույթի ձեռագիրը կհանվի աճուրդի

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի (1929-1968)՝ «Ես երազանք ունեմ» (I Have a Dream) պատմական ելույթի միակ հայտնի ձեռագիր սևագիրը հանվել է Christie’s աճուրդի տան վաճառքին։ Փաստաթղթի նախնական գնահատված արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը։

Աճուրդի տան հաղորդագրության համաձայն՝ յոթ էջանոց ձեռագիրը՝ բազմաթիվ ուղղումներով ու նշումներով, Քինգը գրել է կապույտ թանաքով՝ Վաշինգտոնի Willard հյուրանոցում, 1963 թվականի օգոստոսի 28-ին կայացած «Աշխատանքի և ազատության համար երթ դեպի Վաշինգտոն» միջոցառման նախորդ գիշերը։

Հետազոտողները նշում են, որ ո՛չ ձեռագիր, ո՛չ էլ ելույթի տպագիր տարբերակում դեռ չկար հայտնի «I Have a Dream» արտահայտությունը։ Քինգը, որը պայքարում էր սևամորթների իրավունքների համար, այն արտասանել է ինքնաբուխ՝ ելույթի ժամանակ։

Ձեռագիրը մի քանի տասնամյակ պահվել է Քինգի ճառերի հեղինակներից և խորհրդականներից մեկի՝ Էդվարդ Քլեյթոնի գրասեղանի դարակում։ 2024 թվականին փաստաթուղթը հայտնաբերել է նրա այրին՝ Քսերնոնա Քլեյթոնը։

2027 թվականի հունվարի 22-ին կայանալիք աճուրդից ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական կազմակերպություններին, այդ թվում՝ Ատլանտայում գործող Քինգի կենտրոնին և Քսերնոնա Քլեյթոնի հիմնադրամին, որոնք շարունակում են ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժման գործը։

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment