Ադրբեջանցի զինծառայող Էլնար Թաղիևը, որը զինվորական ծառայությունը սկսել էր երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ, մահացել է Նախիջևանում ծառայության ընթացքում։ Նրա հարազատները Meydan TV-ին հայտնել են, որ ոստիկանությունն իրենց տեղեկացրել է՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել, ասվում է OC Media-ի անդրադարձում։
Թաղիևի մահը տեղի է ունենում Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մասին շարունակվող հաղորդումների ֆոնին։
Հարազատներից մեկն ադրբեջանական անկախ Meydan TV-ին հայտնել է, որ Թաղիևը զինվորական ծառայությունը սկսել էր հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։ Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել զինվորական երդման արարողությունը, որից հետո զինծառայողներին մի քանի ժամով թույլատրվել է տուն գնալ։ Կեսօրից հետո Թաղիևի ընտանիքն այլևս չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Հարազատի խոսքով՝ նույն երեկոյան ոստիկանությունը զանգահարել է ընտանիքին և հայտնել, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել Նախիջևան քաղաքի Սահիլ զբոսայգում։ Հիվանդանոցում զինվորի մարմինը հանձնել են ընտանիքի անդամներին։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Հարազատը նշել է, որ սպասում են հետաքննության արդյունքներին, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել զինծառայողի մահվան համար մեղավորներին։
Մահվան հստակ հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։
«Խազար» ռազմական հետազոտությունների անկախ ինստիտուտի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում զոհվել է առնվազն 44 ադրբեջանցի զինծառայող։ Ինստիտուտի տվյալներով՝ մահացածներից 13-ը կյանքից հեռացել են տարբեր հիվանդությունների, 9-ը՝ ավտովթարների, 7-ը՝ այլ դժբախտ պատահարների, 5-ը՝ ինքնասպանության հետևանքով, իսկ մեկ զինծառայող մահացել է անփութության պատճառով։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառը չի հրապարակվել։
Մահացածներից 30-ը ծառայել են Պաշտպանության նախարարությունում, 10-ը՝ Պետական սահմանապահ ծառայությունում, իսկ 4-ը՝ անվտանգության այլ կառույցներում։ Համեմատության համար՝ 2025 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է առնվազն 43 զինծառայող։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և մյուս պաշտոնական կառույցները զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ ամբողջական վիճակագրություն չեն հրապարակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի