ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիային, երկրում մարդու իրավունքների վիճակին, դատաիրավական համակարգի խնդիրներին, սահմանադրական հնարավոր հանրաքվեին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Խոսելով ընդդիմադիր պատգամավորների կողմից ԵՄ դեսպանատան մոտ անցկացված ակցիայի մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ գլխավոր խնդիրը միջազգային կառույցների լռությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
«Ակցիայի նպատակը մեր միջազգային գործընկերների և Եվրամիության պատվիրակության ուշադրությունը հրավիրելն էր վերջին շրջանում ահագնացող ճնշումներին, բռնաճնշումներին, որոնք իրենց արտացոլումն են գտել ԵԽԽՎ զեկույցում: Ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև միջազգային մյուս գործընկերները որոշակի քայլեր կձեռնարկեն, տարբեր մոնիտորինգային գործողություններով Հայաստանում մարդու իրավունքների երաշխիքները ապահովելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են թիրախավորվում հենց իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներ, գուցե նրանից է, որ իրենց օգտի՞ն են ընտրակաշառքներ բաժանվել, նա նշեց, որ իշխանություններն ամենամեծ վտանգը տեսնում են հենց ամենամեծ ընդդիմադիր ուժից. «Այսօրվա դրությամբ ամենամեծ ուժը, որը որպես այդպիսին վտանգ է ներկայացնում ՔՊ-ի աչքերով, «Ուժեղ Հայաստան» է»:
Պատգամավորը խիստ քննադատության ենթարկեց դատաիրավական համակարգի աշխատանքը՝ շեշտելով, որ նախնական կալանքը վերածվել է պատժամիջոցի, իսկ դատարանների վրա մեծ ճնշում է գործադրվում:
«Այսօր կալանքը ընկալվում է որպես պատիժ, և իշխանություններն էլ այդ կալանքը և ընդհանուր մեր իրավապահ համակարգը որպես մահակ են օգտագործում։ Բայց սա խաղ ու պար չի, մարդկանց ճակատագրեր են»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվանը՝ Աբրահամյանը նշեց, որ ահազանգվել է նրա առողջական ծանր վիճակի մասին, սակայն օգնություն ցուցաբերել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը, և շտապօգնությունը տեղ է հասել 35-40 րոպե անց. «Այս մարդիկ ում որ կալանավորում են, իրենք ընտանիքի անդամներ են, հայրեր են, զավակներ են… Ի՞նչ ենք տեսնում, մարդուն ձերբակալում են, սկսվում է միանգամից սև փիար արշավ հանրային հեռուստաընկերությամբ, միանգամից սկսում են սև արշավը: Պիտի անպայման ողբերգություն լինի, որ մարդիկ գիտակցեն, որ խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է»: Նա հավելեց, որ իշխանություններն անտեսում են անմեղության կանխավարկածը, և արդյունքում դա հանգեցնում է անդառնալի հետևանքների:
Խոսելով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» և սահմանազատման գործընթացի մասին՝ ընդդիմադիր գործիչը փաստեց, որ Բաքուն իրականում խաղաղության նպատակ չունի, այլ փորձում է զիջումներ կորզել Հայաստանից:
«Ադրբեջանից բոլորովին այլ խոսույթ է, և Ադրբեջանի գործողությունները բոլորովին այլ են։ Մեր իրականության մեջ սա մի ընդհանուր պրոցես է… Իրենք ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրելու պահանջ չունեն, այլև նրանք մեր երկրից ուզում են զիջումներ կորզել»,- նշեց նա:
Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց Ալիևի հռետորաբանության վրա. «Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարում է… երեք-չորս անգամ խոսում է, որ Հայաստանը կապիտուլացվեց։ Կներեք, դա նպաստո՞ւմ է խաղաղությանը, իրենց այսպես ասած խաղաղության դինամիկային: Ո՛չ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից բոլորովին այլ խոսույթ է»։
Անդրադառնալով իշխանությունների կողմից պատրաստված Սահմանադրության նոր նախագծին և այն հանրաքվեի դնելու հարցին՝ պատգամավորը հստակեցրեց, որ իրենց խմբակցությունը թույլ չի տալու դա։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք իրենք իրենց քվեն չեն տալու, որպեսզի նախագիծը գնա հանրաքվեի, Տիգրան Աբրահամյանը հայտարարեց. «Այո՛, ես ուժեղ Հայաստան խմբակցության անունից, այո՛, կարող եմ 29 պատգամավորների անունից դրա մասին հայտարարել… որ կողմ չենք քվեարկելու, այո՛»։
Նա նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են շարունակական զիջումների, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության պահանջի կատարմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան