Սերժ Ավետիքյանին հանձնվել է հատուկ մրցանակ

Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվում է 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ Հանդիսատեսին կրկին ականատես է լինում հագեցած մեկ շաբաթվա` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։ Նոյեմբերի 10-ին ReA-ի շրջանակում Կինոյի տանը տեղի ունեցավ հանդիպում և ստորագրության արարողություն Սոֆյա Միրզոյանի, Սերժ Ավեդիքյանի, Ջորդան Մեքների, Զավեն Նաջարի և Սեբաստիան Լունդենբախի հետ։

«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» և «Շնային պատմություններ»։ Փառատոնի բացմանը Վրեժ քաունին նրան հանձնեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։

Փառատոնն այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել նաև երաժշտասերներին․ նոյեմբերի 14-ին՝ Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել ՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը։

«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment