Իրենց քաղաքական հայտարարություններով շատ կարեւոր մի ժամանակաշրջանում պետք է նսեմացնեն այն հեղինակությունները, որ գոյություն ունեն ՀՀ-ում. Նաթան սրբազան

-Վարչապետի հայտարարություններին հակադարձելն անիմաստ է, որովհետեւ այդ մարդը մեր ազգի մեծագույն բարերարներին ՀՀ թշնամի, գող, ավազակ է հայտարարում: Ով իր վրա դա կարող է առնել, նա էլ պետք է հակադարձի: Ամեն անհեթեթ բանի չպետք է հակադարձել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե եկեղեցու բարերարները հակադարձե՞լ են Փաշինյանի հայտարարություններին:

Նաթան սրբազանը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե եկեղեցու միջոցով գումարներ են գալիս, որոնք քաղաքական նպատակներով են ծախսվելու, արձագանքեց. «Նորից եմ ասում. ձեզ ու մեզ հիմարի տեղ են ուզում դնել ու իրենց քաղաքական հայտարարություններով շատ կարեւոր մի ժամանակաշրջանում պետք է այն հեղինակությունները, որ գոյություն ունեն ՀՀ-ում, ինչ-որ ձեւով նսեմացնեն եւ նեյտրալացվեն: Չգիտեմ՝ այդ հայտարարությանը դույզն-ինչ հիմք կա՞, թե՞ չկա: Եթե կա, այդ հայտարարությունը չէր արվի, այլ Հակակոռուպցիոն դատարանի վարույթ կլիներ»:

Հարցին՝ իշխանություններն ինչո՞ւ են սարսափած եպիսկոպոսաց ժողովից, Նաթան սրբազանը պատասխանեց. «Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ, այդ ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պետք է անի այն, ինչ մենք ենք ուզում, ու եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ: Այդ կցորդը պետք է շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրենք ունեն: Կաթոլիկ եկեղեցում մի կարեւոր դրույթ կա, դոգմատիկ դրույթ, որ կաթոլիկ եկեղեցուց դուրս չկա փրկություն: Այսօր նման մի դոգմա մեր երկրում էլ է կարծես, չկա փրկություն որոշակի քաղաքական թիմից դուրս»:

Նաթան սրբազանն ասաց՝ եկեղեցին ամեն պարագայում անկոտրում է. «Եկեղեցին իր հազարամյակների ավանդությամբ, Տիրոջը, ազգին ու պետությանը հազարամյակների իր նվիրվածությամբ փոքր-ինչ չի ընկրկելու ու պահելու է այն, ինչ հազարամյակներով ստեղծել է Հայ եկեղեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment