Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնում է, որ կառավարության թիվ 1618-Ն որոշմամբպետական բյուջեից կրճատումներ են կատարվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրերից։
Նրա հրապարակման համաձայն՝ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրից կրճատվել է 2 մլրդ 770 մլն դրամ, որից 1 մլրդ 660 մլն դրամը նախատեսված է եղել ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, իսկ 1 մլրդ 170 մլն դրամը՝ փորձանմուշների արտադրության համար։
«Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեից հերթական խարդախությունն է իրականացրել` համար 1618-Ն «որոշմամբ» ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հոդվածից 2 մլրդ 770 մլն դրամ են կրճատել, որից 1 մլրդ 660 մլն` ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներից, 1 մլրդ170մլն` փորձանմուշների արտադրությունից։ Նույն «որոշմամբ» 2 մլրդ 290 մլն կրճատել են ԲՏ նախարարության ՏՏ ոլորտի պետական աջակցության ծրագրից։
Բայց դե «լավին լավն ասենք», սրա արդյունքում ռազմարդյունաբերության կոմիտեի կատարողականը հասել է 2020 թվականից հետո աննախադեպ 37%, իսկ փորձանմուշների արտադրության գծով 97%»,-գրել է Քերոբյանը։