Սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2028 թ․–ը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստում դրական եզրակացություն է տվել նախագծին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշել է, որ գործող օրենքի ժամկետը սահմանված է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
«Այս մեկ տարվա ընթացքում իրականացնելու ենք ծրագրի արդյունավետության գնահատում և փորձելու ենք հասկանալ՝ 2015 թվականից գործող այս ծրագիրն ինչքանով է արդյունավետ և հասցեական աջակցություն ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերին», – ասել է Ավետիսյանը հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ ծրագիրն ընդգրկում է 5 մարզի 13 համայնքի 82 բնակավայր և նախատեսում է այդ բնակավայրերի բնակիչների կոմունալ որոշակի ծախսերի փոխհատուցում՝ մինչև 50%-ի չափով։
«Մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի սպառման վճարների փոխհատուցում՝ 50%-ի չափով, ինչպես նաև դասագրքերի արժեքի ամբողջական փոխհատուցում։ Նախատեսվում են նաև ականների պայթյունից առաջացած վնասվածքների, վիրավորումների կամ մահվան դեպքում փոխհատուցումների տրամադրման կանոնակարգեր, որոնք սահմանվում են կառավարության համապատասխան կարգերով», – նշել է Ավետիսյանը։
Նա հայտնել է, որ աջակցությունը տրամադրվում է հետևյալ կերպ․ կոմունալ ենթակառուցվածքները սպասարկող ընկերությունները նախապես կիրառում են համապատասխան զեղչերը, ապա հաշվարկները ներկայացնում մարզպետների աշխատակազմեր և ստանում համապատասխան ֆինանսավորումը։
Ավետիսյանի ներկայացմամբ՝ ծրագրի տարեկան ֆինանսավորումը դրա գործողության ընթացքում կազմել է 800 մլն-ից մինչև 1,2 մլրդ դրամ։ 2025 թվականին սահմանամերձ բնակավայրերին տրամադրվել է շուրջ 1 մլրդ դրամի աջակցություն։
Նա նշել է, որ 2026 և 2027 թվականների բյուջեներում ծրագրի իրականացման համար նախատեսվել է շուրջ 1-ական մլրդ դրամ։