ՔԿԾ-ն հրապարակել է Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների արձանագրած տվյալները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների արձանագրած տվյալները` այդպիսով արձագանքելով փաստաբանական թիմի հայտարարությանը։

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինֆարկտից մահացած Գևորգյանի փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացումից հետո նրան ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկներին թույլ են տվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահվանից հետո։

ՔԿԾ–ն հրապարակել է նոյեմբերի 10–ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7. Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8. Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10. Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Sputnik Արմենիա

Leave a comment