Էջմիածնի գանձերը մեզ հետ են այլեւս. Նաթան սրբազանն արձագանքում է Փաշինյանին

-Էջմիածնի գանձերը մեզ հետ են այլեւս, եւ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս տանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա. չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները: Դա ինչի մասին է խոսում: Գիտեք պատմությունից, որ 1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան. 700 տարի է՝ Հայաստանում է եւ հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբեւէ Մայր Աթոռը, հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն հայոց կաթողիկոսը չի լքելու,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնված քրեական վարույթին ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուզում են եկեղեցու գանձերը եւ կաթողիկոսությունը հանել Հայաստանից, ինքը դա թույլ չի տալու:

«Երեկ Ամենայն հայոց կաթողիկոսին էլ շինծու քրեական վարույթի հիման վրա երկրից դուրս գալու արգելք դրեցին, ինչպես երկու շաբաթ առաջ Գերագույն հոգեւոր խորհրդի 6 անդամ եպիսկոպոս, արքեպիսկոպոսների վրա, որոնցից մեկը ես եմ: Ամեն պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, բայց մեր եպիսկոպոսները, միեւնույն է, հավաքվելու են՝ քննարկեն մեր եկեղեցուն հուզող զանազան հարցեր ու հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն որեւէ տեղ, նույնիսկ ոչ միայն հավաք, այլեւ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսաց ժողով անելու: Այդ ցնորամիտ բաները, որ ժողով ՀՀ-ից դուրս չի կարող լինել, օդում գցած խոսքեր են: Ամեն անգամ մի խումբ ապիկարներ մեր ժողովրդին ուզում են հիմարի տեղ դնել »,– ասաց Նաթան Սրբազանը։

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment