«Մահապատի՞ժ ենք վերականգնել Հայաստանում». փաստաբանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ասուլիսում անդրադառնալով Ստեփանավանում ընտրությունների նախօրեին կալանավորված «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը և նրա անմեղության վերաբերյալ պնդմանը՝ փաստաբան Արամ Օրբելյանը նշեց. «Հարցադրումները այլ կոնտեքստում դիտարկենք… Եթե պարզվի, որ անգամ մարդը մեղավոր է, նորմա՞լ էր, որ մեռնի, այսինքն՝ մահապատի՞ժ ենք վերականգնել Հայաստանի Հանրապետությունում։ Ասում եք՝ ինչու չէր կարող այլընտրանքային խափանման միջոց լիներ, իսկ ինչու պետք է ընդհանրապես քրեական գործ լիներ քաղաքական գործընթացի հետ կապված, որ դեռ մի հատ էլ խափանման միջոցի հարց քննարկվեր, քննարկեինք՝ տնային կալանք, թե այլընտրանքային միջոց»։

Արամ Օրբելյանը նշեց, որ տարբեր գործերի հետ շփվելուց մի մոտեցում է նկատել՝ երբեմն փորձում են ընդհանրացում անել և խուսափել պատասխանատվությունից. «Դատավորին, որ հարցնենք՝ կասի՝ թղթերը տեսել եմ, կալանավորել եմ, դատախազին հարցնենք, կասի՝ հաղորդում են տվել, հիմքեր են եղել, գործ եմ հարուցել, քննիչին որ հարցնենք, կասի՝ դատախազը գործ է հարուցել, մտածել եմ, որ կոռուպցիոն հանցագործություն է, ստանդարտ ձևակերպում կլինի, ճնշում կգործադրեն, կիրառել եմ…

Առաջին դեպքը չի, որ քաղաքապետի թեկնածուն ընտրությունների ժամանակ կալանքի տակ է լինում, մենք նույնպիսի դեպքեր ունենք, որ այդ մարդիկ, որոնք կալանքի տակ են, հետո մեկ անգամ ևս ընտրվում են, կամ ընտրվում են, հետո կալանավորվում են… Նայենք ՔԿՀ-ին, կասի՝ ես ինչ անեմ, շտապօգնություն եմ կանչել, շտապօգնությունը կասի՝ ես ինչ անեմ, եկել եմ, արդեն մահացած է եղել… Փորձում են բաղդատել այս կտորները՝ ամեն մեկը՝ ես մեղավոր չեմ: Մեղավոր է Հայաստանի Հանրապետությունը, երբ իր վերահսկողության տակ գտնվող անձը մահանում է»։

Նա հիշեցրեց նաև Մհեր Եղիազարյանի մահվան մասին, նաև այն դեպքերի, երբ մարդկանց մահը կապում են հետապնդումների և անմեղության կանխավարկածի խախտման հետ: «Մտածեք՝ ինչ-որ մեկը մեր հարկերից աշխատավարձ է ստանում, որպեսզի մարդկանց մասին զազրախոսություններ գրի… Սա ավելի զզվելի է։ Մենք վճարում ենք ֆեյքերի ֆաբրիկաների գոյության համար՝ այլ մարդկանց հետապնդելու նպատակով»,-ասաց փաստաբանը։

 

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment