«Շատ հանգիստ կարող են ստիպել մարդկանց, բիզնեսի ներկայացուցիչներին այդ 1000 դրամները վճարել ՔՊ-ին, որովհետև հակառակը չի կարող տեղի ունենալ». Հայկ Ֆարմանյան

«Շատ հանգիստ կարող են ստիպել մարդկանց, բիզնեսի ներկայացուցիչներին այդ 1000 դրամները վճարել ՔՊ-ին, որովհետև հակառակը չի կարող տեղի ունենալ։ Սրա ուղիղ շահառուն ՔՊ կուսակցությունն է, և դեմ եմ այս օրենքին»,- ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նախագծով սահմանվում է, որ հարկային տարվա համար ֆիզիկական անձի կողմից հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին), կուսակցություններին եկամտային հարկի հաշվին կարող են անհատույց հատկացվել դրամական միջոցներ։

Լիանա Մանուկյան

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն էլ նկատեց․ «Պարոն Ֆարմանյանի ասածն այն է, որ խոշոր բիզնեսը կարող է ստիպել իր աշխատակիցներին իրենց եկամտային հարկից հատկացումներ անել ՔՊ-ին»։

Այս կարծիքի առիթով ՔՊ խմբակցության պատգամավորների ընդդիմանալուն Լիանա Մանուկյանն այսպես պատասխանեց․ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ լայքի համար մարդկանց գործից հանում են, չգիտե՞ք՝ ոնց են ստիպում։ Նույն սկզբունքով ապրում ենք մի երկրում, որտեղ ուսուցիչները, աշակերտները մասնակցում էին ՔՊ նախընտրական հավաքներին։ Դա փաստ է, իսկ երբ դուք ասում եք, որ ընդդիմադիրները կաշառք են բաժանում, դա հանցագործության մասին հաղորդում է։ Էդ ի՞նչ հայտարարություններ եք անում։ Կողմ եմ, որ ՀԿ-ները, լրատվականները, հիմնադրամներն ունենան հնարավորություն ֆիզիկական անձանցից ստանալ ֆինանսական աջակցություն, բայց վստահ եմ, որ մարդկանց անձնական տվյալներն օգտագործվելու են, ճնշում է լինելու մարդկանց վրա»։

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment