ԲԸՏՄ․ Ապօրինի ջրօգտագործման դեպքերով նշանակվել է 3.6 մլն դրամի տուգանք (PAN.am)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրօգտագործման խախտումների համար ընդհանուր 3․6 միլիոն դրամի վարչական տուգանքներ է նշանակել, իսկ դեպքերից մեկով դիմել է Քննչական կոմիտե։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային պաշարների պահպանության նպատակով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում Լոռու և Արմավիրի մարզերում բացահայտել են ջրօգտագործման օրենսդրական պահանջների խախտման մի քանի դեպք։

Մասնավորապես, Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Հովան» ՍՊԸ-ի «Aura Village» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության շահագործվել է մեկ խորքային հոր։ Ջուրն օգտագործվել է հանրային հանգստի և սննդի սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով։

Լոռու մարզի Բազում բնակավայրի վարչական տարածքում ևս արձանագրվել է ապօրինի ջրօգտագործման դեպք։ Պարզվել է, որ «Արմեն Ասրյան» անհատ ձեռնարկատերը քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքներն իրականացնելու համար ջուր է վերցրել հարակից ջրահավաք ավազանից, որը համարվում է մակերևութային ջրային ռեսուրս։ Ընդ որում, ջրօգտագործումն իրականացվել է առանց օրենսդրությամբ պահանջվող թույլտվության։

Մեկ այլ խախտում հայտնաբերվել է Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրում։ Այստեղ Հ.Ա. սկզբնատառերով քաղաքացին խորքային հորի հորատման աշխատանքներ է կատարել՝ չունենալով ջրօգտագործման համար անհրաժեշտ թույլտվություն։

Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված իրավախախտումների համար պատասխանատու անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանց նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 3 միլիոն 600 հազար դրամ։

Բացի ֆինանսական պատասխանատվության միջոցներից, Տեսչական մարմնի Լոռու և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների համապատասխան որոշումներով դադարեցվել են առանց թույլտվության իրականացվող ջրօգտագործումները և խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքները։

Տեսչական մարմինը ևս մեկ խախտում է արձանագրել Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրում կառուցվող դպրոցի շինարարական հրապարակում։ Այստեղ նախկինում արդեն կասեցվել էր խորքային հորի անօրինական շահագործումը։

Սակայն վերահսկողական կրկնակի այցելության ընթացքում տեսուչները պարզել են, որ շինհրապարակի պատասխանատու Հ.Մ.-ն վնասել է կասեցված խորքային հորի վրա տեղադրված կապարակնիքը և կրկին սկսել առանց թույլտվության ջուր օգտագործել՝ չպահպանելով նախկինում սահմանված արգելքը։

Հաշվի առնելով կապարակնիքի վնասման վերաբերյալ հայտնաբերված փաստական հանգամանքները և դրանցում հնարավոր հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համապատասխան հաղորդում է ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ դեպքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Leave a comment