Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճն անվանակոչվել է Եղիշե Չարենցի պատվին։ Այս մասին հայտարարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիիհանդիպման ժամանակ:
Հանդիպման սկզբում Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է իրանցի գործընկերոջը և առանձնահատուկ կարևորություն տվել Հայաստանի ու Իրանի միջև ձևավորված բազմադարյա մշակութային հարաբերություններին։ Նա ընդգծել է այդ կապերի շարունակական զարգացման և մշակույթի տարբեր ուղղություններով համագործակցությունն առավել ընդլայնելու անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալը դրական է գնահատել երկու պետությունների միջև արդեն ձևավորված արդյունավետ գործակցությունը։ Միաժամանակ նա կարևորել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, ինչպես նաև ժամանակակից արվեստի տարբեր բնագավառներում համատեղ նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները։
Մոհսեն Ջավադին իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել մշակութային համագործակցության նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Մասնավորապես, իրանցի պաշտոնյան ներկայացրել է Իրանում հայկական մշակույթի շաբաթներ կազմակերպելու հնարավորությունը։ Նախաձեռնության նպատակն է Իրանի հասարակությանն առավել լայնորեն ծանոթացնել հայկական մշակութային ժառանգությանը՝ հատկապես գրականությանը, կինոարվեստին և երաժշտությանը։
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են նաև Երևանի ու Թեհրանի գրքի միջազգային փառատոներին փոխադարձ մասնակցության հարցը։ Կողմերը կարևորել են նման միջոցառումների դերը հատկապես երկու երկրների երիտասարդ գրողների ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու և նրանց ճանաչելիությունը բարձրացնելու գործում։
Գրական համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից հայ և իրանցի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության հնարավորություններին։ Այս ուղղությամբ համատեղ աշխատանքը կարող է նպաստել երկու ժողովուրդների գրականության փոխադարձ ճանաչմանն ու տարածմանը։
Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի պատասխանատուների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կապված մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդման և համագործակցության նոր հնարավորությունների հետ։
Իրանցի պաշտոնյան Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցի շրջանակում։