ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Հայաստանին, հիմա էլ փորձում է պատժել․ Մոսկվան շարունակում է «դաշնակցային» շանտաժը
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Սակայն այս նիստին Հայաստանը ներկայացված չի լինի վարչապետի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին՝ COP31-ին, որը տեղի է ունենում Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Իրականում Փաշինյանի բացակայությունը պարզապես օրակարգային կամ արարողակարգային հարց չէ։ Այն արտահայտում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների այն վիճակը, որին կողմերը հասել են տարիների ընթացքում ձևավորված անվստահության արդյունքում։
ՀԱՊԿ-ը ստեղծվել էր որպես հավաքական անվտանգության համակարգ։ Դրա իմաստը շատ պարզ էր՝ անդամ պետություններից մեկի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում մյուսները պետք է կանգնեին նրա կողքին։ Բայց երբ Հայաստանը հայտնվեց անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, երբ մեր երկիրը դիմում էր դաշնակիցներին, ՀԱՊԿ-ը չցուցաբերեց այն աջակցությունը, որն ակնկալում էր Հայաստանը։
Որտե՞ղ էր այդ ժամանակ հավաքական անվտանգությունը։ Որտե՞ղ էին դաշնակցային պարտավորությունները։ Որտե՞ղ էր Ռուսաստանը, որն իրեն համարում էր Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը։
Հայաստանին պետք էր ոչ թե հերթական հայտարարությունը, ոչ թե մտահոգության արտահայտումը, այլ հստակ քաղաքական և գործնական աջակցություն։ Սակայն այդ աջակցությունը չեղավ։ Ավելին՝ ՀԱՊԿ-ը չկարողացավ անգամ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին՝ այնպիսի հստակությամբ, որը կարտահայտեր Հայաստանի նկատմամբ դաշնակցային վերաբերմունքը։
Եվ հիմա նույն կազմակերպությունը, որը չկատարեց իր հիմնական առաքելությունը, փորձում է Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ անդամավճարները չվճարելու համար։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը նախապես խոսում էր Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորության մասին, իսկ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ին արդեն հաստատեց, որ նման որոշման նախագիծը ներկայացվելու է ՀԱՊԿ առաջնորդների քննարկմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է զրկվել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և հայ թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Բայց այստեղ ամենակարևոր հարցը ոչ թե անդամավճարներն են, այլ երկակի ստանդարտները։
Եթե ՀԱՊԿ-ը պայմանագրային պարտավորությունների կատարման հարցում այդքան սկզբունքային է, ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չցուցաբերեց, երբ վտանգված էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ այդ ժամանակ չհիշեց իր կանոնադրությունը, իր պարտավորությունները և հավաքական անվտանգության գաղափարը։
Լավրովը նաև հայտարարում է, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, և Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին հեռացնել կազմակերպությունից։ Ավելին՝ նրա պնդմամբ՝ նույնիսկ ձայնի իրավունքից զրկվելու դեպքում Հայաստանը կպահպանի կոլեկտիվ անվտանգության իրավունքը։
Սա արդեն քաղաքական աբսուրդի է նման։ Մի կողմից՝ Հայաստանին ասում են, որ կազմակերպությունը շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը, մյուս կողմից՝ նույն կազմակերպությունը պատրաստվում է սահմանափակել Հայաստանի մասնակցությունը որոշումների կայացմանը։ Իսկ ի՞նչ արժեք ունի անվտանգության այդ երաշխիքը, եթե այն իրական վտանգի պահին չաշխատեց։
Ռուսաստանի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվում․ Մոսկվան շարունակում է Հայաստանից ակնկալել հավատարմություն, բայց պատրաստ չէ նույն չափով պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար։
Սակայն ժամանակները փոխվել են։ Հայաստանն այլևս չի կարող իր անվտանգությունը կառուցել միայն հին դաշնակցային պատկերացումների և չաշխատող մեխանիզմների վրա։ Պետության առաջնահերթությունը սեփական անվտանգությունն է, իսկ դաշնակցային հարաբերությունները պետք է գնահատվեն ոչ թե պատմական կապերով կամ քաղաքական հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով և արդյունքներով։
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցումը հենց այդ հիասթափության հետևանքն է։ Եվ եթե Մոսկվան կարծում է, որ ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքներով կամ անդամավճարների հարցը քաղաքական ճնշման գործիք դարձնելով կարող է ստիպել Հայաստանին վերադառնալ նախկին հարաբերությունների տրամաբանությանը, ապա լրջորեն սխալվում է։
Հայաստանը պարտավոր չէ հավերժ մնալ մի կառույցի պատանդը, որը չի արդարացրել իր գոյության հիմնական նպատակը։
Դաշնակցությունը պարտավորություն է, ոչ թե միակողմանի հնազանդություն։ Իսկ անվտանգությունը ծառայություն չէ, որի դիմաց վճարում ես, բայց անհրաժեշտ պահին այն չես ստանում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։