ՌԴ իշխանությունները զրկվել են երկրի կառավարման համար անհրաժեշտ տվյալներից։ Այս մասին DW-ին հայտնել են «Կիբերպարտիզաններ» խմբի ներկայացուցիչները։
«Պետությունը կառավարելու պայմաններից մեկը տվյալների բազաներին հասանելիությունն ու դրանց վերլուծությունն է։ Առայժմ ձեռնպահ կմնամ ոչնչացված տվյալների ծավալը գնահատելուց, սակայն այդ գնահատականը գերազանցում է մեր ամենահամարձակ կանխատեսումները», – DW-ի «DW Առավոտ» հաղորդման եթերում հայտարարել է «Կիբերպարտիզաններ» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Շչիգելսկին։
Ավելի վաղ այս խումբը, համագործակցելով Silent Crow խմբի հետ, հասանելիություն էր ստացել ՌԴ վիճակագրական պետական ծառայության (Ռոսստատ) տվյալների մեծ ծավալի։
«Բոլոր տվյալները բազմակի կրկնօրինակվում են։ Սակայն Ռուսաստանում նման համակարգ չկա։ Ուստի շնորհակալություն նրանց, որ օգնել են ոչնչացնել այն տվյալները, որոնք այլևս հնարավոր չէ վերականգնել, և թուլացրել իրենց տեղեկատվական բազաների պաշտպանությունը»,- նշել է Շչիգելսկին։
«Կիբերպարտիզաններ» խմբի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ իշխանությունների տրամադրության տակ «որոշակի տեղեկություններ» դեռ մնացել են։ «Սակայն պլանավորման և գնահատականներ կատարելու համար մասնագետներին անհրաժեշտ են ոչ թե թերթերի վերնագրեր, այլ բազա և սկզբնական տվյալներին հասանելիությունը։ Եվ այդ տվյալներն անկասկած ոչնչացվել են», -հավելել է նա։
Ավելի վաղ «Վյորստկա»-ն հայտնել էր, որ կիբերհարձակումից հետո Ռոսստատի կայքում Excel փաստաթղթերով հրապարակված վիճակագրական տվյալների հիմնական մասը դարձել է անհասանելի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի