Եվրամիության երկրներն այս պահին գազամատակարարման հուսալիության հետ կապված խնդիրների չեն բախվում, չնայած գազի պաշարների ներկայիս մակարդակը պատմական միջին ցուցանիշից ցածր է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա-Կայսա Իտկոնենը։
«Սա չի նշանակում, որ մենք թուլացրել ենք վերահսկողությունը։ Ընդհակառակը՝ շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։ Գազի հարցերով մեր համակարգող խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում՝ անդամ պետություններում տիրող իրավիճակը գնահատելու համար», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Նրան հարցրել են, թե ինչպես է Եվրահանձնաժողովն արձագանքում այն հանգամանքին, որ ձմռան նախաշեմին ԵՄ տարբեր երկրների գազի պահուստների մակարդակը տարբեր է․ որոշ երկրներ արդեն հասել են 80%-ից բարձր նպատակային ցուցանիշին, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Գերմանիան, շարունակում են մնալ 60%-ի շեմից ցածր։
Իտկոնենի խոսքով՝ 2022 թվականին եվրոպական գազի շուկայի կայունությունն ապահովելու նպատակով ընդունված բազմաթիվ օրենսդրական միջոցառումների շնորհիվ ԵՄ-ում նախատեսված են մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործարկվել։
«Այնուամենայնիվ, այս պահին իրավիճակը նման արտակարգ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացնում, թեև համապատասխան գործիքներն առկա են։ Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն 2022 թվականի՝ ներկայումս մենք գազամատակարարման հետ կապված խնդիրներ չունենք։ Հուսով ենք՝ առաջիկայում գազի հարցերով համակարգող խմբի հաջորդ նիստի արդյունքներով կկարողանանք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել դրա աշխատանքի արդյունքների վերաբերյալ», – ամփոփել է Իտկոնենը։