Բժիշկներին թույլ են տվել մուտք գործել ՔԿ հիմնարկ միայն Արսեն Գևորգյանի մահից հետո. փաստաբանական թիմի հայտարարությունը

««Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ մանրամասներ ներկայացնելով նրա մահվան և նախորդած իրադարձությունների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում է հայտարարության բնօրինակ տեքստն ամբողջությամբ՝

«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո։

Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում։ Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր։  

Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների.

1/ Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ բուժակ։  

2/ Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո։  

2/ բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել։ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո։  

Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն։  

Հետևողական ենք լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։  

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ»»

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment