Լոռիում և Արմավիրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքը՝ 3,6 մլն դրամ

Բաժանորդագրվել

Քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Լոռու և Արմավիրի մարզերում ջրօգտագործման թույլտվության բացակայության պատճառով երեք իրավախախտ տուգանվել է ընդհանուր 3,6 մլն դրամով։ Մեկ այլ դեպքում էլ արձանագրվել են հանցագործության հատկանիշներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

ԲԸՏՄ–ն նշել է, որ Լոռու մարզի Դսեղ բնակավայրում «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրն առանց թույլտվության խորքային հորից ջուր է օգտագործել հանգստի և սննդի կազմակերպման համար։

Նույն մարզի Բազում բնակավայրում «Արմեն Ասրյան» ԱՁ-ն քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքների համար առանց թույլտվության ջուր է վերցրել մոտակա ջրահավաք ավազանից։

Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրում էլ քաղաքացին առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հոր է հորատել։

Երեք դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։

ԲԸՏՄ-ն խախտում է հայտնաբերել նաև Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում։ Այստեղ նախկինում կասեցվել էր խորքային հորի ապօրինի շահագործումը, սակայն կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատուն վնասել է հորի կապարակնիքը և վերսկսել ջրօգտագործումը։

Տեսչական մարմնի գնահատմամբ՝ կապարակնիքը վնասելու փաստում առկա են հանցագործության հատկանիշներ։

Leave a comment