Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն կրակի դադարեցման մոնիթորինգի առաքելության աշխատանքը փետրվարի 17-18-ին Ժնևում կայանալիք խաղաղ բանակցություններում: Այս մասին Մյունխենում լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ռազմական ասպեկտներով՝ նրանք պետք է ընդունեն մոնիթորինգի առաքելությունը, թե ինչպես կաշխատի այն պատերազմի ավարտի դեպքում, այսինքն՝ կրակի դադարեցման մոնիթորինգը», – ասել է Զելենսկին:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան կբարձրացնի էներգետիկ զինադադարի թեման, սակայն այդ մասին դեռ չի կարող հրապարակայնորեն խոսել:
Զելենսկին նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսում քննադատել է եվրոպական առաջնորդների բացակայությունը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում՝ դա անվանելով «մեծ սխալ», որն ունի Ուկրաինայի համար բացասական հետևանքներ:
Նա նշել է է, որ Կիևը աշխատում է բանակցություններում «Եվրոպայի շահերը և ձայնը» հաշվի առնելու ուղղությամբ:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ «զիջումների» քննարկումները հաճախ կենտրոնացած են միայն Ուկրաինայի վրա՝ առանց Ռուսաստանի կողմից հավասար փոխզիջումներ պահանջելու: «Չափազանց հաճախ այդ զիջումները քննարկվում են միայն Ուկրաինայի, այլ ոչ Ռուսաստանի համատեքստում», – ավելացրել է նա:
…
Հունվարին և փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցան եռակողմ բանակցությունների երկու փուլ: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ քարտուղար Ռուստեմ Ումերովի խոսքերով, վերջին հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են զինադադարի ներդրման և մարտական գործողությունների դադարեցման մոնիթորինգի մեթոդները:
Ուկրաինայի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել պատերազմը մինչև 2026 թվականի հունիսը: Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը հնարավոր է արդեն մարտին:
The post Ժնևում կքննարկվի կրակի դադարեցման մոնիթորինգի ձևաչափը․ Զելենսկի appeared first on CIVILNET.