ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը՝ ընդգծելով, որ հանդիպումը կարևոր հնարավորություն է ընձեռել անդրադառնալու հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների օրակարգային հարցերին։
Իր հերթին Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը՝ շեշտելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքային և այլ ուղղություններով իրականացվող համատեղ նախաձեռնությունների ընթացքը։
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։
Ելիսեյան պալատ ժամանած պետությունների ղեկավարներին անձամբ ողջունել և ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը։
Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին արձագանքը և կիսվել անձամբ իր կողմից իրականացված փորձով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը: