Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ՝ նշելով, որ դրանց ապահովման հարցում կարևոր է ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը
Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց առաջարկվի խաղաղության համաձայնագիր։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը և Դոնբասից հեռանալ պահանջելը բանակցություններ վարելու ամենահեշտ ճանապարհն են, սակայն Կիևը պատրաստ չէ նման համաձայնության, քանի որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ՝ նշելով, որ դրանց ապահովման հարցում կարևոր է ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ակնկալում է վերականգնել ԱՄՆ-ի անմիջական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների հարցում։
Զելենսկու խոսքով՝ ներկայումս եվրոպական ֆինանսավորմամբ PURL նախաձեռնության շրջանակում Ուկրաինան հնարավորություն ունի ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։
Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ շփումներին՝ Զելենսկին նշել է, որ նրանց հայտարարություններում որոշակի փոփոխություններ է նկատել։
Նա ընդգծել է, որ Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ, այլ առաջին հերթին վերաբերում է այնտեղ ապրող մարդկանց, նրանց տներին և ճակատագրերին։