ՄԱԿ-ում մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի՝ նացիզմի վերաբերյալ բանաձևի օգտին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում քվեարկել են Ռուսաստանի ներկայացրած բանաձևի օգտին, որը կոչվում է «Նացիզմի, նեոնացիզմի և այլ այնպիսի գործելաոճերի փառաբանման դեմ պայքարը, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից դրսևորումների սրմանը»։

Փաստաթղթին աջակցել է 117 երկիր, իսկ 9-ը, այդ թվում՝ Շվեյցարիան և Թուրքիան, ձեռնպահ են մնացել։ 53 պետություն դեմ է քվեարկել, այդ թվում՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Կանադան, Լիտվան, Լեհաստանը, Պորտուգալիան, Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չեխիան, Էստոնիան և Ճապոնիան։

Բանաձևի այս նախագիծը Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվում է ամեն տարի և ընդունվում է 2005 թվականից ի վեր։ Փաստաթուղթը ներառում է դրույթներ, որոնք խստորեն դատապարտում են նացիզմի փառաբանմանն ու խթանմանն առնչվող միջադեպերը, ողջունում են պատմական ճշմարտությունը պահպանելուն ուղղված ջանքերը, ինչպես նաև առաջարկում են միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտումը, պատմության վերանայումը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը։

Բանաձևի նախագիծը նաև խստորեն դատապարտում է «կրթական գործընթացում այնպիսի նյութերի և հռետորաբանության օգտագործումը, որոնք խթանում են ռասիզմը, խտրականությունը, ատելությունը և բռնությունը՝ հիմնված էթնիկ ծագման, ազգության, կրոնի կամ համոզմունքների վրա»։

Leave a comment