81-ամյա բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության մեջ ամենատարեց դափնեկիրը՝ արժանանալով 2026 թվականի մրցանակին իր «The End of Everything» («Ամեն ինչի ավարտը») վեպի համար։ Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ ժյուրիի նախագահ Մերի Բիրդը, որի կազմում ընդգրկված էր նաև փոփ երաժիշտ Ջարվիս Քոքերը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գրական մրցանակի դափնեկրի անունը, գրում է Euronews-ը։
The End of Everything վեպի գործողությունները ծավալվում են Անգլիայում՝ Լա Մանշի ափին, ոչ հեռու ապագայում՝ անհայտ աղետից հետո, որը կործանել է հասարակությունը և հանգեցրել Բրիտանիայում խորհրդավոր այլմոլորակային էակների հայտնվելուն։ Սյուժեի կենտրոնում ծովի ափ նետված իրեր հավաքող մի տղամարդ է, որն ապրում է իր մորաքրոջ հետ։ Վերջինս մշտապես իր մոտ պահում է ատրճանակը։ Մի օր տղամարդը ծովափին գտնում է խորհրդավոր, անընդհատ ձևափոխվող արտեֆակտ։
Ժյուրիի նախագահ Մերի Բիրդի խոսքով՝ գիրքն արտացոլում է «ներկայիս քաղաքականությունը՝ ապագայի պրիզմայով» և պատմում հասարակության մասին, որը «ապրում է մի աղետի պայմաններում, որն ամբողջությամբ չի հասկանում»։
Մրցանակը ստանալուց առաջ Հարիսոնը հայտարարել էր, որ արդեն 40-50 տարի փորձում է փոխել գրականության մեջ ձևավորված ընկալումները՝ թե՛ որպես վիպասան, թե՛ որպես գրական քննադատ։ «Ինչո՞ւ լավ գրված (գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը) չպետք է համարվի գեղարվեստական գրականություն»,- ասել էր նա։
Այս տարվա կարճ ցուցակում ընդգրկվել էր վեց վեպ, որոնք ընտրվել էին 163 ստեղծագործություններից բաղկացած երկար ցուցակից։ Այն ներառում էր ժանրային առումով բազմազան գրական ստեղծագործություններ։ Կարճ ցուցակում տեղ էին գտել նաև մրցանակի երկու նախկին դափնեկիրներ՝ ճամայկացի Մարլոն Ջեյմսը և շոտլանդացի Դուգլաս Ստյուարտը։ Նրանցից որևէ մեկի հաղթանակը նրան կդարձներ Բուքերյան մրցանակի պատմության մեջ հինգերորդ գրողը, որը մրցանակին արժանացել է երկու անգամ՝ Ջ. Մ. Կուտզեեից, Փիթեր Քերիից, Հիլարի Մանթելից և Մարգարեթ Էթվուդից հետո։ Կարճ ցուցակում ընդգրկվել էր նաև Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Սթրաութը։
1969 թվականին հիմնադրված Բուքերյան մրցանակը շնորհվում է անգլերենով սկզբնապես գրված գեղարվեստական արձակ ստեղծագործություններին, որոնց հեղինակները կարող են լինել ցանկացած երկրի քաղաքացիներ, իսկ գրքերը պետք է հրատարակված լինեն Մեծ Բրիտանիայում և/կամ Իռլանդիայում։ Մրցանակը համարվում է գրական աշխարհի հեղինակավոր պարգևներից մեկը․ այն կարող է էապես փոխել գրողների ստեղծագործական կարիերան՝ ապահովելով նրանց միջազգային ճանաչում և ընթերցողների լայն շրջանակ։
Դրա դափնեկիրների թվում են Սալման Ռուշդին, Յան Մաքյուանը, Բերնարդին Էվարիստոն և Արունդհատի Ռոյը։ Անցյալ տարի մրցանակին արժանացել էր հունգարա-բրիտանացի գրող Դեյվիդ Սալայի Flesh վեպը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի