Թեհրանը չի դադարի մտահոգվել TRIPP-ի առնչությամբ՝ չնայած ՀՀ-ին վստահելու մասին հայտարարություններին. Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր
TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հակասական հայտարարությունները չպետք է ընկալել որպես Թեհրանի միասնական դիրքորոշման բացակայության վկայություն։ Դրանք ավելի շուտ արտացոլում են նախագծի իրականացման հետևանքների առնչությամբ Իրանի շարունակվող մտահոգությունը և հայկական կողմից լրացուցիչ երաշխիքներ ստանալու ձգտումը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Մի քանի շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության մասին՝ փաստացի այդ վստահությունը նշելով որպես այն երաշխիքներից մեկը, որոնց Թեհրանն ապավինում է TRIPP նախագծի համատեքստում։ Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին բազմիցս խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի ղեկավարությանը՝ պնդելով, որ նախագիծը լուրջ սպառնալիք է ներկայացնում։
Վերջերս Իրանի փոխնախագահը, մեկնաբանելով Վելայաթիի հայտարարությունները, կրկին ընդգծել է, որ հենց արտգործնախարարի դիրքորոշումն է արտացոլում երկրի պաշտոնական մոտեցումը, և որ Թեհրանը վստահում է հայկական կողմին։
«Ես հակված եմ կարծելու, որ խնդիրն առաջին հերթին Իրանի շարունակվող մտահոգությունն է։ Թեև միջազգային նորմերի տեսանկյունից սովորաբար հաշվի է առնվում արտգործնախարարի կամ համապատասխան արտաքին քաղաքական կառույցի դիրքորոշումը, Իրանի բազմամյա փորձը ցույց է տալիս, որ չի կարելի անտեսել ազդեցության տարբեր կենտրոնների ներկայացուցիչների հայտարարությունները։ Մասնավորապես, գերագույն առաջնորդի հետ կապ ունեցող հեղինակավոր անձանց հայտարարությունները պետք է հաշվի առնել առնվազն երկարաժամկետ քաղաքականության ձևավորման տեսանկյունից»,- նշել է Բեգլարյանը։
Նրա կարծիքով՝ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և համատեղ նախագծերն առանց բարդությունների առաջ մղելու հարցում։ Սակայն տարածաշրջանային հանգամանքներն ու Թեհրանի սեփական փորձը նրան թույլ չեն տալիս առանց լուրջ մտավախությունների վերաբերվել TRIPP-ին։
«Մենք գիտենք, թե ինչ դժվարությունների է բախվում Իրանը տարածաշրջանում, ինչ պատերազմների, փորձությունների ու սպառնալիքների միջով է ստիպված եղել անցնել։ Այդ սպառնալիքները պահպանվում են նաև այսօր։ Ուստի, երբ խոսքը TRIPP-ի մասին է, Իրանը չի կարող լրջորեն չմտահոգվել և չփորձել մանրակրկիտ հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի հետ իր սահմանին»,- ասել է նախկին պատգամավորը։
Բեգլարյանը կարծում է, որ Իրանի տարբեր քաղաքական կենտրոնների ներկայացուցիչների հայտարարությունները կարող են կապված լինել ոչ միայն մտավախությունների արտահայտման, այլև նախագծի իրականացման և Իրանի շահերի վրա դրա հետևանքների վերաբերյալ լրացուցիչ երաշխիքներ ստանալու փորձի հետ։
Նա միաժամանակ զգուշացրել է չթերագնահատել Վելայաթիի հայտարարություններն այն հիմնավորմամբ, որ նա փորձառու քաղաքական գործիչ է և պարտադիր չէ, որ անմիջականորեն մասնակցի որոշումների ընդունմանը։
«Մենք չենք կարող միանշանակ գնահատել Վելայաթիի ազդեցության ներկայիս մակարդակը կամ պնդել, որ նրա յուրաքանչյուր հայտարարություն անմիջականորեն արտացոլում է Իրանի ղեկավարության վերջնական որոշումը։ Բայց նրա խոսքերին հարգանքով են վերաբերվում, և դրանք կարող են արտացոլել որոշակի քաղաքական հոսանքների կամ կառույցների մտահոգությունները։ Ուստի չի կարելի դրանք պարզապես անտեսել և հաշվի չառնել»,- ընդգծել է NEWS.am-ի զրուցակիցը։
Բեգլարյանը նշել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության զարգացման հարցում Իրանի շահագրգռվածությունը միանգամայն իրական է։ Սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը կդադարի ուշադիր հետևել TRIPP-ի իրականացմանը կամ կհրաժարվի նախագծի հնարավոր հետևանքների վերաբերյալ մտավախություններից։
«Իրանի ազգային շահերը պահանջում են լավ հարաբերություններ պահպանել հարևան և բարեկամ Հայաստանի հետ, և երկու երկրներն իսկապես պետք է ակտիվ ու դրական փոխգործակցեն։ Բայց ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ հայկական պետության ներկայացուցիչները չպետք է վստահության մասին հայտարարություններն ընկալեն որպես վերջնական հավաստիացում, թե Իրանը մտահոգված չէ և չի մտահոգվելու նրանով, թե հետագայում ինչպես է զարգանալու TRIPP նախագիծը»,- եզրափակել է Բեգլարյանը։