ՀՀԿ-ական Կ․ Մ․-ն, որը 2023 թվականի ապրիլին հումորային գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թրաշի մասին, հայտնվել էր մեղադրյալի աթոռին։
«Մյուս անգամ խնդրում ենք դրոշի տեղը ադրբեջանական այլ իր վառել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թրաշը»,- իր ֆեյսբուքյան էջում կատակել էր գյումրեցի երիտասարդ աղջիկը։
Իրավապահներն անմիջապես արձագանքել էին նրա գրառմանը, հրավիրել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այնուհետ մեղադրանք էին առաջադրել՝ նրա այս գրառումը դիտարկելով որպես վարչապետ Փաշինյանի նկատմամբ ուղղակի դիտավորությամբ կատարված բռնություն գործադրելու հրապարակային կոչ։
Կ․ Մ․-ն դեռ այդ ժամանակ Aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր․ «Սկզբում մտածեցի՝ լավ, ի՞նչ արած կլինեմ, որ բռնության կոչ է դիտարկվել։ Տեղում տեղեկացա, որ ինձ հրավիրել են հումորային գրառմանս պատճառով։ Այդ գրառման տակ մեծ մասը ծիծաղի նշան են դրել՝ ցույց տալով, որ հասկացել են իմ հումորը։ Երբեք մտքովս չէր անցնի, որ հումոր անելու համար մի օր կհայտնվեի քննչականում կամ ինձ կկասկածեին իբրև թե հրապարակային բռնության կոչ անելու համար»։
Քրեական վարույթն ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մեկ տարուց ավելի քննվելուց հետո երիտասարդ աղջիկն արդարացվել է։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Կ․ Մ․-ն, հանրային մեղադրողն արդարացման վճիռը բողոքարկել է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է այն։
«1,5 տարի տևեց իմ հումորային գրառման քննությունը, ի շնորհիվ իմ երկու հրաշալի փաստաբանների՝ Սլավիկ Պողոսյանի ու Արտակ Նավասարդյանի, դատարանում ապացուցվեց, որ ես ոչ մի բռնության կոչ չեմ արել, դա ընդամենը հումոր էր, որը ընթերցողները հենց այդպես էլ ընկալել էին։
Այս միջոցով նպատակ ունեին ինձ վախեցնելու, մտածում էին՝ եթե երիտասարդ աղջիկ ես, ակտիվ գործունեություն ես ծավալում, քրեական վարույթ նախաձեռնելով ու դատարաններ հասցնելով՝ կվախեցնեն ինձ, հեռու կմնամ քաղաքականությունից, բայց չեն մտածում, որ այդ մանր քայլերով չեն կարողանա որևէ ազդեցություն ունենալ իմ քաղաքական հայացքների վրա։
Իրենց արածը 0,1 տոկոս ազդեցություն անգամ չի ունեցել իմ հայացքների վրա, ես այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը րոպե առաջ պիտի հեռանա։
Չեն մտածում, որ ես 2021 թվականից կուսակցական եմ դարձել գաղափարների հիման վրա, ոչ թե շահի, անձնական բարօրության համար, կմնամ նույն կուսակցության մեջ ու երբեք չեմ փոխի։
Երբ տեսնում եմ, թե ինչ գրառումներ են անում իշխանության ներկայացուցիչները, թե ինչպես են արտահայտվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հասցեին, ինչ բռնության կոչեր են հնչեցնում, սարսափում եմ։
Ես երբեք ինձ թույլ չեմ տա նման բառապաշարով արտահայտվելու՝ էլ կսատկացնեմ, էլ չգիտեմ ինչ կանեմ․․․ Հարց եմ ուզում տալ այդ նույն իրավապահ մարմիններին՝ իշխող կուսակցությունից որևէ մեկը կասկածվո՞ւմ է բռնության կոչ հնչեցնելու համար․ չէ՞ որ շատ հաճախ այդ խոսույթով նաև ուղիղ եթեր են մտնում։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կես բառ դեռ չեն ասել, քրգործ են հարուցում։
Ուզում եմ ասել, որ քաղաքական հայացքները սուբյեկտիվ են, յուրաքանչյուր անձ ունի իր ընկալումը, և ոչ ոք իրավունք չունի որևէ քաղաքացու վրա ճնշում գործադրելու, որ հրաժարվի, փոխի իր հայացքները։
Վերջը ի՞նչ պետք է լինի, ո՞վ պիտի տեր կանգնի այս վիճակին, օրինակ՝ ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ մարդիկ վախի, սարսափի մեջ են, գրեթե բոլորն ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց չեն խոսում, դրա համար այս իրավիճակն է ստեղծվել»,- ասաց Կ․ Մ․-ն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: