Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment