«Լուրի մասին տեղյակ եմ, ցավակցություններս եմ հայտնում հարազատներին, մնացած մասով թույլ տվեք չհամաձայնել Ձեր կարծիքի հետ։ Եթե Դուք նշում ու հստակ գիտեք, որ մահվան պատճառը դա է, մասնագետները գուցե ինձնից ու Ձեզնից ավելի լավ կարող են ասել՝ արդյոք այդ իրավիճակը կանխել հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- լրագրողների փաստմանը՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը, և հարցին՝ այստեղ իշխանության մեղավորությունը չեք տեսնո՞ւմ, որ պատշաճ հսկողություն չի լինում կալանավայրերում կամ միանգամից մարդուն կալանավորելու որոշում են կայացնում, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Հիշեցմանը՝ օրեր առաջ պատգամավորներն այցելել էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ վատթար պայմաններ էին արձանագրել, Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ես մասնագետ չեմ, Դուք մասնագե՞տ եք, կարո՞ղ եք ասել՝ խոնավությունը ինֆարկտի համար խթանո՞ղ է, թե՞ ոչ։ Ես նաև գիտեմ՝ աշխարհում նման դեպքերը դժվար է նախապես իմանալ։ Տեղյակ եմ՝ ՀՀ-ում վերջին տվյալներով, ցավոք, մահվան այդպիսի դեպքերը շատ են․ մոտավորապես միջինը 1200-1400 մարդ՝ տարեկան։ Սրանք վերջին 3 տարվա տվյալներն են, իսկ օրական միջինը 3-4 մարդ ինֆարկտից մահանում է ՀՀ-ում»։
Լրագրողների փաստմանը՝ քննարկվում է, որ իշխանությունների մեղավորությունն այն է, որ անձի մեղքը դեռ չհաստատված՝ իշխանության ներկայացուցիչները մարդկանց մեղադրում են, և դա էլ հենց ազդում է նրանց առողջության վրա, ՔՊ-ական պատգամավորը այսպես պատասխանեց․ «Բնական է, որ եթե համապատասխան մարմինները մեղադրում են, ուրեմն այդ համոզմունքն ունեն, որ այդ մարդը այդ դեպքը կատարել է։ Անմեղության կանխավարկածը վերաբերելի չէ իրավապահներին»։
Սիսակ Գաբրիելյանն էլ ինքն իր հերթին լրագրողներին հարցրեց՝ բա ինչո՞ւ ընդդիմադիրներին նույն այդ հարցում չեք մեղադրում, որ համայնքապետերին ասում են՝ կոռուպցիոներներ են։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: