Ցանկացած պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը։
«Բնականաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է Եպիսպոկոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները, միևնույն է, հավաքվելու են ու քննարկելու են մեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ կապված զանազան հարցեր»,- ասել է Նաթան Սրբազանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող արգելք լինել եպիսկոպոսների որևէ տեղ հավաքվելուն։
«Այդ մտացածին բաները, որ Եպիսկոպոսաց ժողով Հայաստանից դուրս չի կարող լինել, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են և զարմանում եմ, որ ամեն անգամ մի խումբ ապիկարներ, չգիտես ինչու, ուզում են մեր ժողովրդին տկարամիտի և հիմարի տեղ դնել»,- ասաց նա։
…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 16-19-ին եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները։ Դրանից հետո՝ հունվարի 31-ին մեղադրյալի կարգավիճակ ստացան Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրանց ելքը երկրից։ Դատական ակտը վերաբերում է Արման Սարոյանին (նախկինում՝ Գևորգ եպս․ Սարոյան), որը կարգալույծ է հռչակվել Կաթողիկոսի տնօրինությամբ։
Փետրվարի 14-ին դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ նույն հոդվածով։ Վեհափառի ելքը երկրից ևս արգելվել է։
Արման Սարոյանը դատական հայցով պահանջում է անվավեր ճանաչել իր ազատման մասին Կաթողիկոսի որոշումը։ Դատարանը որոշել է ժամանակավորապես վերականգնել նրան թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատավճիռը։
The post Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա այլ կարգավիճակով․ Նաթան Սրբազան appeared first on CIVILNET.