Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր

Քաղաքականություն

10.11.2026 | 18:25

Անթալիայում անցկացվող COP31-ի շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև մաքուր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից hայտարարել են, որ  փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան։

Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի զարգացնել «Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա–Բուլղարիա» կանաչ էներգետիկ միջանցքը, ամրապնդել տարածաշրջանային էներգետիկ կապերը և դիվերսիֆիկացնել էլեկտրաէներգիայի փոխանցման ուղիները։

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մաքուր էլեկտրաէներգիայի փոխանցման և մատակարարման ոլորտներում, դրա անվտանգ և անխափան փոխանցման համար անհրաժեշտ պայմանների սահմանում, ինչպես նաև նախագծի շրջանակում օպտիկամանրաթելային կապի կատարելագործում։

Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը կնպաստի Ադրբեջանի վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանմանը դեպի Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ, գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և Ադրբեջանը տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույցի վերածելուն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment