MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Էջմիածնում 15-ամյա աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած անձնական վեճն է եղել։
Մեր տեղեկություններով՝ Նարե Գ.-ն Երևանից հասել է Էջմիածնի թիվ 2 հիմնական դպրոց, զանգահարել Մարիա Յ.-ին, կանչել նրան դուրս, բարևելու ընթացքում փորձել է գրկել նրան և հենց այդ ժամանակ դանակով հարվածել որովայնին։
Ըստ շրջանառվող լուրերի` դանակահարության պատճառն այն է, որ օրեր առաջ Մարիան «երկար է նայել իր ընկերոջը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը դանակահարել է անչափահասի, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում։ Վիճաբանության ժամանակ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինս «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։
«Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։
Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Նա ստացել է առաջնային բուժօգնություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։