Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով

Քաղաքականություն

10.11.2026 | 18:10

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«(ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ )նման դիմում չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դիմում», -Լավրովը  հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պլանավորում Հայաստանին վռնդել ՀԱՊԿ-ից, սակայն կազմակերպության ներսում նրա պարտքի հարցը մնում է բաց։

«Մեր կազմակերպության 25-րդ հոդվածում նշված է, եթե ՀԱՊԿ բյուջետային պարտքը գերազանցում է երկու տարին, երկիրը պետք է զրկվի քվեարկելու իրավունքից։ Բայց մենք դուռը չենք շրխկացնում», – նշել է  Լավրովը։

Նա նաև հայտնել էր,  որ չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment