ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist

Քաղաքականություն

10.11.2026 | 18:00

Ամերիկացի բանակցողները վերջին շրջանում առաջարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային համաձայնագրի շրջանակում փոփոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The Economist-ը, փոխանցում է Meduza-ն։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ այդ առաջարկի նպատակն այն է, որ Ռուսաստանը կարողանա հայտարարել շրջանների ամբողջական գրավման մասին, մինչդեռ Ուկրաինան ստիպված չլինի զիջել որևէ տարածք։

The Economist-ի աղբյուրները նաև պատմել են բանակցությունների ընթացքում Ռուսաստանի դրսևորած «անսովոր ճկունության» մասին։ Սակայն, նրանց նշմամբ, այդ ճկունությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ առաջարկվել է քննարկել Եվրոպայի անվտանգությունը։ Այժմ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Մոսկվան նման քննարկումների պատրվակով կարող է ձգձգել ռազմական գործողությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան «մի փոքր այլ տեսք կընդունի»։

Ռուսաստանը պնդում է, որ միջազգային մակարդակով ճանաչվի իր վերահսկողությունը օկուպացված Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի նկատմամբ՝ ներառյալ այն տարածքները, որոնք ներկայումս չի վերահսկում։

Ուկրաինայի համար նման պահանջն անընդունելի է։ Այս մասին հոկտեմբերի վերջին Meduza-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին գրասենյակին մոտ կանգնած աղբյուրը։

«Մենք ունենք ընդհանուր համաձայնություն․ Ուկրաինան չի հանձնում իր տարածքները», – ընդգծել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment