Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը Երևանում համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը՝ միջգերատեսչական հանձնաժողովը որակելով որպես քաղաքական հանձնառությունները գործնականում կյանքի կոչելու արդյունավետ հարթակ։
Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հեռանկարներ կբացի։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա, և այդ համատեքստում կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հանդիպման արդյունքում ստորագրվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին առնչվող փոխըմբռնման հուշագիր։