Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի նախագիծը։
ՀՀ Էկոնոմիկայի նախագահի տեղակալ Լևոն Մովսիսյանը նշեց՝ նախագծի նպատակն է ապահովել հեղինակների և մյուս իրավատերերի իրավունքների պաշտպանությունը և ստեղծել նրանց վարձատրության հավաքագրման բաշխման առավել թափանցիկ համակարգ․ «Հատուկ ուշադրություն է դարձվում հաշվետվողականությանը։ Կազմակերպությունները պարտավոր են հրապարակել կիրառվող դրույքաչափերը, պայմանագրերի օրինակելի ձևերը, տարեկան հաշվետվությունները ու անկախ աուդիտի եզրակացությունը։ Հավաքագրված գումարի բաշխումը պետք է հիմնվի ստեղծագործությունների փաստացի օգտագործման վերաբերյալ արժանահավատ տվյալների վրա։ Իրավատերերը պետք է տեղեկատվություն ստանան իրենց ստեղծագործությունների օգտագործումից գոյացած եկամուտների, կատարված պահումների և իրենց հասանելի գումարների մասին»։
Ըստ նախագծի՝ նվազագույն դրույքաչափերը սահմանվում են կառավարության կողմից։ Նախատեսվում են պայմանագրերի կնքման և վեճերի լուծման ընթացակարգեր․ «Փոփոխությամբ սրճարանների բարերի և որոշ ժամանցային ծառայությունների համար նաև սահմանում է հավատարմագրված կազմակերպությունների հետ պայմանագրի առկայության պահանջ։ Իրավունքների պաշտպանության հետ միասին նախագիծը նախատեսում է հանրային շահից բխող պարտավորություններ՝ մասնագիտական կրթության, գիտության, հետազոտությունների, գրադարանների արխիվների գործունեության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նպատակով։ Նախագծի գործնական արդյունքը պետք է լինի այն, որ հեղինակներն իր աշխատանքի օգտագործման դիմաց ստանան իրենց հասանելի վարձ, իսկ օգտագործողը գործի կանխատեսելիության պայմաններում»։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ իրեն տարբեր մտահոգություններով այսօր էլ են դիմում երգիչներ, հեղինակներ․ «Մենք ունենք մի իրավիճակ, որ կա օրենքով նախատեսված որևէ կազմակերպություն, որը պատասխանատու է հեղինակային իրավունքից եկող գումարի հավաքագրմամբ ու բաշխմամբ։ Մենք ի՞նչն ենք ուզում փոխենք, ի՞նչ ենք սահմանում, ի՞նչ մեխանիզմով ենք ուզում դա անենք։ Շատ արտիստներ ինձ գրել են՝ մասնավորապես մի մասը դժգոհություն է հայտնում, որ իրենց ամենօրյա աշխատանքները, ստեղծագործություններն օգտագործվում են շատ հանրային նշանակության վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում, համերգասրահներում, թատրոններում, և իրենց փորձերը տվյալ կազմակերպությունից գումար ակնկալելու կամ հաջողության չեն հասնում, կամ 3000 կամ 8000 դրամ գումար է կազմում, որի համար այդքան թղթաբանություն, ժամանակ ծախսելն անիմաստ է դառնում։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: